Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/273

Այս էջը հաստատված է

խելքի բարձրությանը, կամքի հաստատությանը, սրտի վսեմությանը։

Այստեղ Դիմաքսյանի հայացքը դարձյալ ընկավ յուր ստվերի վրա։ Նույն վայրկյանին նա հիշեց Բարաթյանին։ Նա մտքով ինքն իրան համեմատեց յուր ընկերոջ հետ։ Քառորդ ժամ առաջ լուսավոր խանութների առջևով նրանք անցնում էին կից առ կից։ Ամբողջ ուսերով Բարաթյանր բարձր էր նրանից։ Այդ սարսափելի տարբերությունն էր, որ մի վայրկյանում տակնուվրա արեց նրա սիրտը, և նա շտապեց հեռանալ ընկերից, կառք նստել։

Նա մտաբերեց Գայանեի հարաբերությունը Բարաթյանի հետ, նրանց բոլոր ձևերը, խոսելու եղանակը, ամեն ինչ մանրամասնորեն։ Եվ զգաց, որ նրանց մեջ կա մի ինչ-որ լուռ փոխադարձ համակրություն։ Նրա մեջ զարթնեց անբացատրելի ատելություն դեպի երկուսն էլ, մանավանդ դեպի Բարաթյանը։ Ինչո՞ւ նա զվարճանում էր, սրախոսում էր, ազատ ու համարձակ շարժվում ինչպես սեփական տանը։ Իսկ ին՛քը... կարծես, մի աներևույթ չար ձեռք կաշկանդել էր նրան ոտից մինչև գլուխ։ Ինչո՞ւ, միթե այն պատճառով, որ նա փոքրիկ է, աննշան, տգե՞ղ։

Նա սկսեց անցուդարձ անել։ Ներս մտավ Սիրականը, որ նրա կոշիկները տանի սրբելու։

Դիմաքսյանը մի զննող հայացք ձգեց նրա վրա։ Նրա կատաղությունը մեղմացավ, և նա ավելի խորը նայեց ծառայի ծուռումուռ հասակին։ Կարծես, հաճելի էր նրա համար դիտել այդ տգեղ մարդուն, որ լուռ կանգնած էր նրա առաջ յուր աղավաղված բերանը կիսով չափ բաց, շիլ աչքերով և տափակ քթով։

— Ճշմարի՞տ է։

— Ի՞նչը, աղա։

Դիմաքսյանր երեսը հետ դարձրեց։ Նա խոսում էր մտքում։ Ծառան զարմացած կանգնած էր։ Նա հրամանի էր սպասում։ Իսկ հրաման չկար։

Դիմաքսյանը նստեց և դարձյալ նայեց ծառային։ Մի քանի վայրկյան անցած, նա կամացուկ վեր կացավ տեղից և սկսեց անցուդարձ անել, աշխատելով, որքան հնար է,