Իսկ Վեքիլյանը զգուշացրեց Դիմաքսյանին, որ ծայրահեղ մտքերից խույս տա, առհասարակ խոհեմությունով խոսի։
— Այդ բանո՞ւմն էյ խոհեմությանդ քիթը ներս խրեցիր,— ձայն տվեց բարկացած Մսերյանր,— Վեքիլյան, պառավ հավի մսի պես օրեցօր անմարսելի ես դառնում։
Բարաթյանը հարցրեց, թե ինչ նպատակի է հատկացնելու դասախոսությունից գոյացած գումարը։
— Ազգային հիվանդանոց պետք է բանա, ինձ էլ կառավարիչ նշանակի, — հեգնեց Սալամբեկյանը։
Երբ Դիմաքսյանը ասաց, թե արդյունքը վճռել է նվիրել կանանց նոր կազմվող ընկերությանը, Բարաթյանը հոնքերը վեր քաշելով արտասանեց.
— Մի՞թե։ Ուրեմն, ես կուրախացնեմ տիկին Բախտամյանին և օրիորդ Գայանեին։
Բայց Դիմաքսյանը ասաց, թե ինքն էլ է մտադիր այցելել Բախտամյաններին և անձամբ հայտնել յուր վճիռը։ Նրա հարաբերության մեջ զգացվում էր մի տեսակ բարկություն դեպի Բարաթյանը։ Նրա ձայնը նշամերելի կերպով դողում էր։
Երեկոյան նա սովորականից ավելի խնամքով հագնվեց և գնաց Բախտամյանների տունը։ Այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանն էր։ Չնայելով յուր պատկառելի տարիքին, նա տակավին առույգ և առողջ մարդ էր, ավելի գեր, քան նիհար, ավելի ցածր, քան բարձր հասակով։ Նրա կլորիկ և ուռած երեսը, որ երկու օրը մի անգամ սափրվում էր, արտահայտում էր ապահով ու անհոգ բուրժուայի տրամադրություն։ Իսկ ալեխառն հոնքերի տակ տեղավորված աչքերի մեջ ապրելու ցանկություն էր փայլում։
Դիմաքսյանը նրա հետ ծանոթացել էր արդեն առաջին պաշտոնական այցելության միջոցին, Պյոտր Սոլոմոնիչը հավանել էր նրան և խնդրել էր շուտ-շուտ այցելել: Դա մի շնորհ էր, որին նա քիչ երիտասարդների էր արժանացնում։
Տիկին Բախտամյանը անզգուշություն ունեցավ հարցնել Բարաթյանի մասին։ Դիմաքսյանը պատասխանեց, թե նա երևի զբաղված է, որ չեկավ, որովհետև մտադիր էր գալու։