Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/28

Այս էջը հաստատված է

ձեռք բերեմ, ինժեներ չես, որ երկաթուղումը քեզ մի պաշտոն գտնեմ իմ ծանոթների միջոցով, է, իրավաբան էլ չես, որ գնաս սրան ու նրան Սիբիր ուղարկես։ Ի՞նչ ես։ Ֆիլոլոգ — իստորիկ, լեզվագետ եմ, էլ չգիտեմ, պատմաբան եմ, ասում է։ Ի՞նչ գործ կարող ես կատարել։ «Ես, ասում է, միտք չունիմ ծառայելու, ես պետք է գիտությամբ պարապվեմ։ Իսկ եթե, ասում է, ծառայելու լինեմ, միայն վարժապետ կարող եմ լինել»։ Վարժապե՞տ. ի՞նչ պիտի տան քեզ վարժապետության համար, ասացի, չե՞մ տեսնում, վարժապետները քաղցածությունից իրանց թևերն են կրծում։ Արի, ասացի, որդի, քեզ երեք անգամ ավելի ռոճիկ տամ, իմ գործերիս մեկ մասը վրադ առ։ Ես քո հայրը, դու իմ որդին։ Ի՞նչ կասեք, պարոն Միքայել, լավ հորեղբայրը դրանից ավելի՞ կաներ յուր եղբոր որդու համար։

— Չընդունե՞ց։

— Քինթը վեր քաշեց,— շարունակեց Սադափյանը միշտ հեգնական եղանակով։— Ես, ասում է, «անընդունակ եմ առևտրական գործերում, ես չեմ կարող վաճառական կամ կապալառու լինել»։ Տեսնո՞ւմ եք. քաղցած ապրել կարող է, սրան ու նրան գլուխ տալով ամսական հիսուն-վաթսուն մանեթի համար ծառայել կարող է, ազատ, ինքնագլուխ վաճառական լինել չի կարող։ Ահա, այս էլ մեր ժամանակի ուսում առած խելոք երիտասարդները։ Հիմա էլ կանգնել է. «ես ուզում եմ երկու տարով արտասահման գնալ, որ կատարելագործվեմ»։ Այս էլ իմ եղբոր որդին, որին դուք պատվական տղա եք համարում։ Չէ, պարոն Միքայել, ուսումն էլ առանց խելքի կոպեկ չարժե։ Մարդուն առաջարկում են հարստության ճանապարհ, փախչում է, թե, չգիտեմ, ես այդ չեմ հավանում, այն եմ հավանում: Կա՞ աշխարհիս երեսին մի բան, որ փողից ավելի հավանելի լինի, ասացե՛ք, կա՞։

— Նոր երիտասարդներից շատերի համար կա,— պատասխանեց Հալաբյանը։— Նրանք փառասեր են, անունը, հռչակը փողից բարձր են համարում։

— Անուն, հռչակ,— գոչեց Սադափյանը,— հավատացեք, ձեզ և ինձ այնպիսի գեներալներ ու իշխաններ են նախանձում,