— Կնիկը իսկի էլ պակաս չէ տղամարդից։ Այդպես են, այ, պարոն Դիմաքսյան, ես ձեզ չէի՞ ասում, հենց որ մի քիչ աչք ենք բաց անում, ուզում ենք ուրիշների էլ աչքը բաց անել, սկսում են ծաղրել, հալածել։ Արի ու այստեղ գործ տես։
— Գործ տես, խը, խը, խը, գործ տես։ Ի՞՛նչ պիտի անի ձեր ընկերությունը, հարցնում եմ, շատ-շատ մի ուսումնարան պետք է բաց անի, օհո՜հ, երևելի բան։ Տո՛, թողեք է՜։
Դիմաքսյանը փորձեց պաշտպանել կանանց իրավունքները։ Բայց իզուր, Պյոտր Սոլոմոնիչը կատաղի թշնամի էր կանանց գործունեությանը, առանձնապես յուր ամուսնու մասնակցությանը։ Հարկավ, նա թաքցնում էր իսկական պատճառը։ Նա կասկածում էր, որ ընկերությունը երիտասարդ կանանց համար մի նոր առիթ է տղամարդկանց հետ ավելի ազատ շփվելու համար։ Չէ՞ որ առանց այդ էլ Բարաթյանը արփեն թթվացրել էր նրա սիրտը։
— Գայանեի համար խոսք չունեմ, եթե նա ուզում է, կարող է ընկերության մեջ մտնել, բայց դու, Աննա, հեռու պահիր քեզ, ի՞նչ գործ ունես ջահել-ջուհուլների հետ։
«Ջահել-ջուհուլներ», ի՛նչ, միթե Աննան պառավ է։ Տիկինը կատաղեց և ներքին ալեկոծությունից եփած խեցգետնի պես կարմրեց։ Գայանեն պաշտպանեց նրան։ Նա ասաց, թե անկարելի է, որ Աննան չմասնակցի ընկերությանը, քանի որ գործը արդեն սկսվել է։ Բացի դրանից, եթե Աննան հեռանա, ինքն էլ պետք է հեռանա։
— Առանց նրան ինձ համար անհարմար է գործելը, ես չեմ ուզում շատ էլ ինքնագլուխ լինել։
Այս դարձվածը դուր չեկավ Դիմաքսյանին։ Նա բացատրեց, թե ով կամենում է ուրիշներին օգտավետ լինել, առաջ ինքը պետք է սովորի անկախության։ Իսկապես նա մի բան էր ցանկանում — տեսնել օրիորդին ազատ որևէ հովանավորությունից, մանավանդ տիկին Բախտամյանի, որի համակրությունը դեպի Բարաթյանը անչափ տհաճություն էր պատճառում նրան։
Նրա միջամտությունը մի նոր գրգիռ տվեց տիկնոջ բարկությանը։ Արդեն նա առանց այն էլ սիրելի չէր