տիկնոջը, իսկ այժմ հանդգնում է Գայանեին ազատե՞լ նրա ազդեցությունից։
— Լա՛վ, — հազիվ զսպելով յուր կատաղությունը, ասաց տիկինը, — թողնե՛նք այս խոսակցությունը։
Եվ մի վատ հայացք ձգեց Դիմաքսյանի վրա։ Դա մի լուռ նշան էր, որով նա միանգամ ընդմիշտ հայտնեց յուր հակակրությունը երիտասարդին։ Պյոտր Սոլոմոնիչը նկատեց այդ և, կարծես, կնոջը ավելի գրգռելու համար, սկսեց ավելի սիրալիր վարվել յուր հյուրի հետ։
— Ես կկամենայի, — ասաց նա, — որ այդ ընկերության մեջ դուք էլ խառն լինեք։ Դուք շատ օգուտ կտայիք։
— Անմիջապես չեմ խառնվիլ, բայց կողմնակի կերպով կաշխատեմ օգտավետ լինել, — պատասխանեց Դիմաքսյանը, օգտվելով հանգամանքից, — ես մտադիր եմ շուտով ընկերության օգտին մի դասախոսություն կարդալ։
Լուրը շատ լավ տպավորություն գործեց օրիորդ Գայանեի վրա։ Նա մինչև անգամ ուրախացավ։ Այնինչ՝ տիկին Բախտամյանը նկատեց, թե դասախոսությունից հազիվ փոքր ի շատե մի խոշոր գումար գոյանա։ Օրիորդը ասաց, թե բանը գումարը չէ, այլ համակրությունը։ Տիկինը, Դիմաքսյանին գրգռելու նպատակով, հայտնեց, թե Բարաթյանն էլ մտադիր է թատրոնասերների մի ներկայացում կազմել։
— Ա՛յ, ներկայացումը ուրիշ բան է, ես կարծում եմ հազար ռուբլի կմտնի մեր գանձարանը։
Տիկինը հասավ յուր նպատակին։ Դիմաքսյանը լուռ, աչքերը լայն բաց անելով, նայեց նրա երեսին, այնքա՛ն վատ հնչեց նրա ականջին այդ անսպասելի նորությունը։ Դարձյալ Բարաթյանը, այդ ինչ բան է, մի՞թե երկու ընկերները սկսում են մրցե՞լ կանանց դուր գալու համար։
Արդեն բավական ուշ էր, ժամանակ էր հրաժեշտ տալու, իսկ նա չէր ուզում կամ, ճիշտն ասած, չէր կարողանում տեղից վեր կենալ։ Կարծես մի բան նրան կապկպել էր և կպցրել բազկաթոռին, որի վրա նա շարունակ նստած էր ներս մտնելու րոպեից։
Նրա դեմուդեմ պատին քարշ արած էր մի մեծ հայելի։