Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/283

Այս էջը հաստատված է

Մինչև այժմ նա այդ չէր նկատել։ Հանկարծ նրա հայացքը ընկավ յուր փոքրիկ կերպարանքի վրա, և նա մի որոշ ցնցողական շարժում գործեց։ Ա՜խ, ո՛րքան նա պզտիկ և աննշան էր այդ րոպեին յուր աչքում։ Փափուկ բազկաթոռը ագահությամբ ամբողջովին կլանել էր նրան, և միայն երևում էր նրա խոշոր գլուխը:

Դարձյալ նա շփոթվեց, դարձյալ ինքնասիրության զգացումը գրգռվեց նրա մեջ։ Նա կամեցավ հակառակել մեկին, ումևիցե, վիճել, կռվել։ Նա պատրաստ էր նույնիսկ Գայանեին հենց իսկույն, առանց այլևայլի, սաստիկ հանդիմանել։ Անսիրտ օրիորդ, ինչո՞ւ չես ճանաչում քո դեմ նստածին։ Մի՞թե կարծում ես այդ փոքրիկ մարմնի մեջ նստած հոգին նույնպես փոքրիկ է։ Ոչ, դու պետք է ճանաչես Դիմաքսյանին, պետք է զգաս նրա մտքի և հոգու զորությունը։ Նա ոտքի կանգնեց հանկարծ, անսպասելի կերպով։ Նա գունատ էր, և ոչ ոք չգիտեր նրա գունատության պատճառը։ Ոչ ոք չխնդրեց նրան չշտապել, բացի Պյոտր Սոլոմոնիչից, այն էլ կիսաբերան։ Նա դուրս եկավ շտապ քայլերով։ Փողոցի սառը օդը խփեց նրա տաքացած ճակատին։ Նա ուշքի եկավ, զգաց, որ չափազանց շփոթված էր, զգաց նույնպես, որ անշուշտ վատ ազդեցություն է թողել օրիորդի վրա։ Նա մի վայրկյան կանգ առավ փողոցի մեջտեղում, ամուր սեղմեց ճակատը և հառաչելով արտասանեց.

— Այո՛, տեսնում եմ, որ այդ օրիորդը ինձ խելքից պետք է հանի։

Եվ քաշքշվելով խոնավ սալահատակի վրա, անհետացավ գիշերային մթության մեջ։

Տիկին Բախտամյանը, հյուրը գնալուց հետո, ազատություն տվեց յուր կատաղությանը։ Արդեն նա բավական տանջվել էր, զսպելով յուր սրտի ալեկոծությունը։

— Վերջը դու քեզ էլ, ինձ էլ ծաղրի առարկա կդարձնես ուրիշների մոտ։ Տեր աստված, ի՞նչ խայտառակություն, այն էլ ո՜ւմ մոտ, մի մի մի...

— Երևելի և պատվական երիտասարդի մոտ։ Բա՛ս,