ծայրերը։ Ի՛նչ սազում էր նրա երեսին և հասակին այդ կակուղ մեխակագույն «բոան», որ անփույթ կերպով գրկել էր նրա պարանոցը։
Դիմաքսյանը կամեցավ երեսը հետ դարձնել, որ անցնողներին չտեսնի։ Բայց Բարաթյանը դեռ հեռվից գլխարկը բարձրացրեց, իսկ Գայանեն մի քանի անգամ գլուխը շարժեց։ Նրանք անցան, թողնելով Դիմաքսյանի ականջում իրանը անհոգ քրքիջի հնչյունները։ Նրա ծնկները դողացին։ Բայց ինքնասիրությունը թելադրում էր զսպել շփոթությունը, և նա դարձյալ ծիծաղեց, այս անգամ ավելի անբնական և ավելի բռնի կերպով։
— Ինչպես երևում է, մեր պարոնի աչքը կպել է այդ աղջկան։ Ամեն օր նրանց միասին եմ տեսնում։
Երանի քեզ Մսերյան, որ կարողանում ես այդ խոսքերը սառն կերպով արտասանել։ Ուշադրություն դարձրու քովդ գնացողի վրա. նա միանգամայն ընկճվել է, փոքրացել։ Նա հազիվ կարողանում է քայլել, նրա շրթունքները և երեսի կաշին ցնցվում են։
— Դու մրսո՞ւմ ես։
— Այո՛, — պատասխանեց Դիմաքսյանը, թեև նրա ամբողջ մարմինը վառվում էր ներքին կրակից։
— Մտնենք այն կաթնատունը, ես կամենում եմ մի բաժակ թեյ խմել։
Նրանք անցան հակառակ մայթի վրա և մտան մի տան ստորին հարկը։ Երկու փոքրիկ սենյակները լիքն էին հյուրերով։ Նրանք նստեցին առանձին սեղանի մոտ, ոչ հեռու երեք պարոններից, որոնք այդ միջոցին տաք-տաք վիճաբանում էին։ Մեկը այդ պարոններից, որ ավելի տարիքավոր էր, պնդում էր, թե Էջմիածնի նոր բացված ճեմարանի հիմնական նպատակն է ընտիր հոգևորականներ պատրաստել: Մյուսները հակառակում էին, թե միայն հոգևորականներ պատրաստելը բավական չէ, ճեմարանը պետք է ազգային գիտության նախադուռը լինի, նա չպիտի սահմանափակվի կղերական հոգով և այլն, և այլն։
— Ներողություն, մեր գոյությունը միայն եկեղեցուց է կախված, մենք կրոնական ազգ ենք։