Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/291

Այս էջը հաստատված է

մեջ առաջ են գալիս անհագ, փառասիրությունից, որ նա ճգնում էր հասարակության մեջ հռչակ ձեռք բերել։

Բացի դրանից, նա Դիմաքսյանին համարում էր վերին աստիճանի նախանձոտ։ Գիտեր, որ ընկերը անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն։ Եվ այս առթիվ մտքում ծաղրում էր Դիմաքսյանին, աչքի առջև ունենալով նրա փոքրիկ և տգեղ կերպարանքը։ Միևնույն ժամանակ, նա սրտի խորքում զգում էր մի անբացատրելի երկյուղ այդ մարդուց և շատ էլ դյուրին բան չէր համարում նրա հետ մրցելը։

Իսկ օրիորդ Գայանեն օրեցօր ավելի ու ավելի ընտելանում էր Բարաթյանին։ Նրանք տեսակցում էին այժմ շատ հաճախ։ Յուր բարեբարո բնավորության շնորհիվ նա փոքր-ինչ գրավել էր Պյոտր Սոլոմոնիչին, գոնե այնչափ, որ կարողանում էր շաբաթը մի կամ երկու անգամ այցելել օրիորդին։ Ուրիշ ժամանակ նա Գայանեի հետ տեսնվում էր մերթ ծանոթ ընտանիքներում, մերթ թատրոնում, իսկ ամենից ավելի՝ փողոցում։

Սիրո բացարձակ արտահայտություն տակավին տեղի չէր ունեցել նրանց մեջ։ Սակայն երկուսն էլ գիտեին, որ միմյանց համակրում են։

Մի անգամ Բարաթյանը խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին և թույլ տվեց, որ օրիորդը ասե յուր կարծիքը։ Գայանեն գովեց Դիմաքսյանին, համարելով նրան շատ խելոք, մինչև անգամ տաղանդավոր։ Բարաթյանը քթի տակ թեթևակի ծիծաղեց, օրիորդը շփոթվեց։

— Իսկ ձեր կարծիքով նա ինչպիսի՞ մարդ է։

Բարաթյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա խորհրդավոր եղանակով արտասանեց.

— Նա ըը՜ը, նա աննորմալ մարդ է։

Ուրիշ նա ոչինչ չավելացրեց, այս երկու խոսքով արտահայտած համարելով յուր ամբողջ գաղափարը Դիմաքսյանի մասին։

Դասախոսության երեկո նրանք միասին գնացին կլուբ։ Հակառակ սպասածին դահլիճը կիսով չափ էր միայն լիքր։ Շատերը տոմսակների գները վճարել էին, իրանք չէին եկել։ Հանդիսականների մեծ մասը բաղկացած էր ուսուցիչներից