Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/295

Այս էջը հաստատված է

նրան չեն հարգում նույնիսկ այդ միջոցի՞ն, երբ նա կատարում է յուր բարոյական պարտքերից մինը։ Նա կորցրեց յուր խոսքի կապը, այլայլվեց, կմկմաց, սկսեց քրքրել ձեռքի տակ դրած թերթիկները։ Հասարակության մեջ բարձրացավ մի խուլ շշնջյուն։ Հաջող սկսված դասախոսությունը մի՞թե խայտառակ պիտի ավարտվեր։

Վերջապես, նա ժողովեց. գտավ խոսքի թելը։ Շարունակեց, բայց բոլորովին տարբեր և տարօրինակ եղանակով։ Այժմ նա չէր դասախոսում, այլ վիճում էր։ Գիտության չեզոք քարոզիչը փոխվել էր կրքոտ հարվածողի։ Երկիրը չէ շահագործվում, հարստահարվում, մեքենայական արդյունաբերություն չկա, ժողովուրդը աղքատ է, քաղաքային հասարակությունը թմրած։ Դրամատերերը ընկերական հոգի չունեն, ամեն ինչ նիրհում է նահապետական շարժողության մեջ։ Ո՞վ պետք է զարկ տա խավարի մեջ դեգերող ամբոխի հոգուն, ո՞վ պետք է լուսավորե նրա միտքը, ցույց տա նրան բարօրության ճանապարհը։ Կրթված դա՞սը, ժամանակակից գիտության պաշար ունեցողերի երիտաասարդությո՞ւնը։

— Ահա հենց այդ դասակարգի դեմ ես շատ բան ունեմ ասելու, — գոչեց նա, ձայնը բարձրացնելով։

Օ՜օ, տգեղ և այլանդակ է ինտելիգենցիայի բարոյական պատկերը։ Նա անտարբեր է դեպի երկրի վիճակը, եսամոլ է, շահախնդիր է։ Չկա նրա համար ընդհանուր շահ, ամեն ինչ պտտում է սեփական ապահովության առանցքի շուրջը։ Նա ավելի զազրելի, ավելի դատապարտելի է, քան տգետ ամբոխը։

Նույն պահին նրա թափառող հայացքը դարձյալ ընկավ Բարաթյանի և Գայանեի վրա։ Օրիորդը լսում էր խորին ուշադրությամբ, գլուխը առաջ ցցած։ Բարաթյանը նայում էր առաստաղին։ Պարզ էր, որ նրան դուր չէր գալիս ընկերոջ բանախոսությունը և անհամբեր սպասում էր վերջանալուն։ Աա՛, այդ շատ լավ է, տանջվի՛ր, կատաղիր։ Բայց այդ ի՞նչ է, նույն անհամբերությունը նշմարվում է և՛ ուրիշ դեմքերի վրա։ Ոմանք զարմացած են, միմյանց հարցական նշաննեո են անում։ Միայն ընդհանուր լռությունը ոչ ոք չէ