խանգարում։ Մեկը աթոռը դղրդացնելով վեր կացավ տեղից և դուրս գնաց։ Դա Վեքիլյանն էր։ Ոգևորությունը տեղի տվեց ամոթի զգացմանը։ Դասախոսը զգաց, որ անչափ շեղվել է նյութից։ Բայց նրա սիրտը տակավին լիքն էր թույնով։ Բարաթյանի դեմքը նրան կատաղեցնում էր։ Բոլոր հարվածները նա մտքում ուղղում էր ընկերոջ դեմ, այն ընկերոջ, որ այժմ նրա աչքում թշնամու հավասար էր, որովհետև նա այնքան մոտիկ էր Գայանեին։
Նա սթափվեց, մի կերպ ամփոփեց յուր ծայրահեղ խոսքերը մի վերջաբանով։ Երբ նա ավարտեց, մի քանի երիտասարդներ միայն ծափահարեցին, բայց ծափահարեցին եռանդով, ոգևորված և բարձրաձայն գոռալով «կեցցե Դիմաքսյանը, կեցցե Դիմաքսյանը»։ Մյուս ունկնդիրները շտապ վեր կացան, դիմեցին դեպի դոները։
Սիրտը դառն զգացումներով լի, ինքնասիրությունը խոցոտված, նա հեռացավ բեմից։ Այլևս ոչ ոք չեկավ նրա մոտ։ Նա միայնակ էր, անհամբեր սպասում էր Մսերյանին, նա, միայն նա է անկեղծ, աննախանձ, բարի և վեհանձն։ Բայց ավաղ, «իդեալիստի» դեմքը տխուր էր։ Նա տխուր էր Արսենի անհաջողության պատճառով։ Նա բռնեց ընկերոջ թևից և նրա հետ միասին դուրս եկավ լուռ ու աչքունքը կիտած։
— Ա՜խ, Մսերյան,— գոչեց հուզմունքից դողացող Դիմաքսյանր, երբ նրանք կառք նստեցին.— ես դժբախտ մարդ եմ։
Բարեսիրտ ընկերը գիշերային մթության մեջ նայեց նրա արտասվալից աչքերին և արտասանեց.
— Դու ամենաբախտավոր մարդը կլինես։
IX
— Ես այդ տեսակ խոսող կյանքումս չեմ տեսել։ Ժամանակով կարող է Ամբակում Աֆանասևիչի տեղը բռնել։ Լեզու խոմ չէ, կրակ է։ Ափսոս որ ուշ հասա, նեդոիմկաներ բաշխող. կոմիսիան երեկ բանը շատ երկարացրեց։ Տասն ու վեց հազար երեք հարյուր տասն ու չորս մանեթ սկիդկա