ցնցումներ նրա շրթունքների վրա, որ այնպես անխնա կրծոտում էր նա ատամներով։
— Ուրեմն սրտներդ բաց եք արել միմյանց, ասա՛, բոլորը ասա, ոչ մի բան մի՛ թաքցնիլ։ Դու լա՞ց ես լինում, ինչո՞ւ, միթե քեզ նման, հա՛ հա՛ հա՛, բախտավորը լա՞ց կլինի... Մի՞թե ճշմարիտ է, որ մարդիկ երջանկությունից արտասվում են, ես այդ բանին չեմ հավատում։ Ասա՛, դու նրան սիրո՞ւմ ես։
— Այո՛...
— Նա էլ քե՞զ է սիրում։
— Այո՛, կարծեմ, չգիտեմ։
— Այո՛, կարծեմ, չգիտեմ։ Չեմ հասկանում ասածդ։ Ուրեմն բացատրություն չէ՞ եղել։
— Դեռ ոչ։
Տիկինը բաց թողեց օրիորդի գլուխը։ Նրա շրթունքները դադարեցին ցնցվելուց։ Նա հազիվ զսպեց հառաչանքը։
— Դեռ ո՛չ, ինչ՞ու։
— Չգիտեմ։
Օրիորդը աչքերը սրբում էր թաշկինակով։
— Բայց ինչի՞ց ես իմանում, որ նա քեզ սիրում է։ Գոնե մի խոսք ասե՞լ է այդ մասին, մի նշանով ցո՞ւյց է տվել յուր սերը։
— Սիրտս է վկայում, որ նա ինձ սիրում է։
— Այդ շատ քիչ է, սիրելիս, սրտի վկայությունը մի մեծ բան չէ. իմ սիրտս էլ ուրիշ բան է վկայում, բայց ես իրավունք չունեմ...
— Ի՞նչ ասացի՛ր։
— Ոչինչ, Գայանե, ոչինչ։ Ինչո՞ւ այդպես հանկարծ վախեցար, ես մի բան չասացի։
Օրիորդը կարմրեց։ Բայց նույն վայրկյանին նայեց տիկնոջ աչքերին և այնտեղ նկատեց այն, ինչի մասին վաղուց կասկածում էր — նախանձ։ Դարձյալ չար, անտանելի, քստմնելի միտքը պղտորեց քանի մի րոպե դուրեկան կերպով բորբոքված սիրտը։ Այլևս նա չկարողացավ և չէր կամենում շարունակել այդ երկդիմի, նուրբ և կասկածոտ խոսակցությունը։ Նա վեր թռավ տեղից։ Տիկինը անշարժ