Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/302

Այս էջը հաստատված է

նստած էր և, արմունկը լուսամուտի հատակին հենած, նայում էր դեպի դուրս։ Երկուսն էլ միմյանց դեմ մի վատ զգացում ունեին իրանց սրտի խորքում, այնտեղ, այն անմատչելի անկյունում։ Երկուսի համար էլ ծանր էր, անախորժ, ամոթալի այդ զգացումը։ Տիկինը ավելի ամաչում էր, օրիորդը, ավելի վրդովված էր։ Անկարելի էր ավելի հեռու գնալ, հակառակ դեպքում կամ պետք է շարունակ կեղծեին, կամ, վերջապես, միմյանց հաղորդեին այն, ինչ որ նրանց գաղտնիքն էր, խորհրդավոր, երկյուղալի գաղտնիք, որ պետք է երկու կանանց մեջ բաց աներ մի մեծ վիհ։

Իսկ լռությունը ավելի անտանելի էր։

Տիկինը կամացուկ վեր կացավ տեղից, ծանր քայլերով, գլուխը կրծքին խոնարհեցրած, դուրս գնաց սենյակից։

Օրիորդը երեսը թաղեց բարձի մեջ և սկսեց հեկեկալ։ Իսկ երբ Օվսաննան ներս մտավ և նրան ճաշի հրավիրեց, նա մերժեց։

Նույն օրը երեկոյան նա սովորականից վաղ դուրս եկավ տնից և սովորականից շատ ուշ վերադարձավ, այն էլ ոչ Օվսաննայի հետ։ Նա մի արտասովոր տենդային դրության մեջ էր։ Հարկավ, այդ բանը տիկնոջ աչքից չէր կարող խույս տալ։ Բայց տիկինը ոչինչ չէր խոսում։ Նա առհասարակ լուռ էր, տրտում և բարկացած։ Նա դիտում էր օրիորդին գաղտուկ, իսկ նրա հայացքից խույս էր տալիս: Նրանք միմյանցից վախենում էին։

Հետևյալ օրը տիկինը չկարողացավ իրան զսպել։ Արդեն օրիորդի անսահման ուրախ տրամադրությունը նրան բավական տանջանք էր պատճառել։ Նա փորձեց Գայանեին խոստովանության կանչել, և հանդիպեց անհաջողության։ Օրիորդը բարձրաձայն ծիծաղեց և ասաց, թե հետո կպատմի։ Այդ ծիծաղը սուր ասեղի պես ցցվեց տիկնոջ սրտին: Նա թշնամաբար նայեց օրիորդին, ատամները կրճտեց և դուրս գնաց սենյակից, դռները ուժգին զարկելով։

Այնինչ մոտենում էր Բարաթյանի կազմած թատրոնական ներկայացման օրը։ Պետք է խաղացվեր մի նոր պիես, որ ի պատիվ կանանց ընկերության հատկապես ֆրանսերենից թարգմանել էր Բարաթյանը։ Բոլոր մասնակցողները