Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/309

Այս էջը հաստատված է

բրավո, զնաչիտ հաղթություննե՞ր ես անում։ Չի՞ կարելի, որ ինձ էլ ծանոթացնես, նե դուրնենկայա, Պիտերում բլոնդինկաները զահլես տարեցին։ Նու-սս, ծանոթացրո՛ւ։ Նելո՞վկո, աա՞, զնայու ստարովո rեվնիվցա, վախենում ես, որ խլե՞մ ձեռքիցդ։ Դու միշտ նախանձոտ էիր, պո՞մնիշ:

Դիմաքսյանը, շաղակրատ հուսարին թողնելով, առավ բժշկի թևը և հեռացավ։ Այժմ նա հոգով զղջում էր թատրոն գալու մասին։ Նա երջանիկ էր համարում Մսերյանին, որ մենակ տանը նստած միտքը զբաղեցնում է ով գիտե ինչ փիլիսոփայական գրվածքով, հանգիստ, խաղաղ, հեռու մարդկային աղմկից, հեռու կյանքի խեղդող ալիքներից։ Բայց միթե նա կարո՞ղ է Մսերյան լինել, կարո՞ղ է թարմ հասակում կյանքը թաղել չորս պատերի, գրքերի փոշու մեշ։ Մինչդեռ նրա սիրտը լիքն է ապրելու և զգալու բուռն ցանկությամբ։ Մի ցանկություն, որին նա երբեք, երբե՛ք չի կարող դիմադրել խելքի ուժով։

Նա ուշքի եկավ այն ժամանակ, երբ բժիշկը ուժգին թոթվեց նրա թևը, ասելով, թե վարագույրն արդեն բացվել է բեմի վրա։ Հաջորդ խաղամիջոցներից մեկում մոտեցավ Գայանեին և սկսեց նրա հետ շրջել։ Այս անգամ օրիորդն ավելի բարեհամբույր էր և ուրախ։ Նա ուրախ էր, որ ներկայացումը հաջողվել է և անդադար հիշում էր Բարաթյանի անունը։ Ի՞նչ, մի՞թե նա արդեն բոլորովին հափշտակվել է, մի՞թե Դիմաքսյանն այնքան նշանակություն չունի նրա աչքում, որ գեթ մի քանի վայրկյան նրա առաջ մոռանա՞ մյուսին։

Նա զգում էր յուր տկարությունն այդ սիրուն, կենդանի և վառվռուն օրիորդի մոտ։ Նա աշխատում էր խոսքը դարձնել այնպիսի նյութերի վրա, որ նրա ուշքը խլե Բարաթյանից։ Բայց այդ չէր հաջողվում։ Ամեն անգամ, երբ նայում էր օրիորդի կապուտակ աչքերին, նրա կամքը սառցի պես հալվում էր այդ աչքերի հրատապ ներգործությունից։ Մի վայրկյան նա այնպես հափշտակվեց, նրա միտքը այնքան պղտորվեց, խելքը այնքան մթագնեց, որ պատրաստ էր հենց այստեղ իսկ, առանց տատանման, հայտնել յուր սերը։ Այո՛, նա նրան սիրում է, նա նրա համար տանջվում է,