Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/31

Այս էջը հաստատված է

Վախվախյանը, ձեռը քսելով կրծքին։ — Ի՞նչ եք կամենում, ծառայի՞ն,— ավելացրեց նա, Հալաբյանի մի թեթև նշանից գուշակելով նրա միտքը,— այս վայրկյանիս։

Նա անմիջապես դույրս վազեց և ծառային կանչեց ներս։

— Դեհ, ցտեսություն, էլ գործ չունեմ,— ասաց նա վերին աստիճանի խեղճ եղանակով։

— Սպասիր, միասին դուրս կգանք,— պատվիրեց Հալաբյանը, և ծառայի հետ անցավ ննջարան։

Մնալով միայնակ, մոսիո Վախվախյանր դեսուդեն նայեց, վերցրեց սեղանի վրա դրած սիգարներից մեկը, խնամքով ծայրը կտրեց, վառեց, թիկն տվեց բազկաթոռին, ոտը ոտի վրա ձգեց և սկսեց ծխել: Նրա դեմքի քաղցր արտահայտությունից և աչքերի բիբերի ժպտուն փայլից կարելի էր գուշակել, թե որքան ախորժելի ազդեցություն է անում նրա շնչափողի վրա արտասահմանից հատկապես Հալաբյանի համար բերված հավանյան սիգարի ծուխը։ Մոսիո Վախվախյանր, իբրև նուրբ ախորժակի տեր, գիտեր հազվագյուտ բաների ճաշակը։ Թանձր ծուխը բերանից դեպի առաստաղը բաց թողնելով, նայում էր նրա օղաձև հոսանքին և հրճվում, ինչպես կարող է հրճվել բուն ճարտարագետը մի գեղեցիկ բանով։ Եվ այդ վայրկյանին նրա կոլորակ, մսալի գլուխը արտադրում էր հետևյալ գաղափարը. «ծխողն էլ ահա այս տեսակ պիտի ծխի, թե չէ գրպանիս դարմանը... Օօ'ֆ, մոխրին նայեցեք, բամբակ է»...

Հանկարծ նա մտատանջության մեջ ընկավ։ Իսկապես նրա այցելությունը մի շատ գործնական նպատակ ուներ։ Նա էր իմանալու, արդյոք Հալաբյանը մի որևէ ծանոթ ընտանիքի հրավիրված չէ՞ ճաշի։ Եթե ոչ, եղանակը հրաշալի է, կարելի է Միքայելյան փողոցի այգիներից մեկում, Հուռի ափում, մի լավ «սուկի» խորովել տալ։

Հալաբյանր դուրս եկավ մաքուր հագնված, մոտեցավ, որ հայելու առջև փողկապը ուղղի։

— Օրեց-օր բացվում եք վարդ ու մանիշակի պես,— գոչեց մոսիո Վախվախյանը, ոտքի թռչելով և իբրև հիացած նայելով ոտից մինչև գլուխ հարուստ ամուրիին։— Ա'յ, ինչու են կանայք սիրահարվում։ Երեկ ժողովարանում մի գեղեցիկ