Նա վայելում էր հոր կատարյալ հավատարմությունը։ Կարող էր, գրավելով ծերունուն, նրա կարողությունը գործադրել, ինչպես կամենար։ Բայց այդ կարողությունը այնքան մեծ չէր, որ կարելի լիներ գոնե ֆինանսական մի խոշոր գործ սկսել։ Բացի դրանից, նրա ձգտումը միայն փող վաստակելը չէր։ Մի՞թե դրա համար էր կյանք մաշել, «բարձրագույն» ուսում ստացել։
Մի առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան ներս մտավ և ասաց, թե հայրը կանչում է։ Ինչպես հարգող որդի, շտապեց հագնվել և գնաց Գերասիմ Գերասիմիչի առանձնասենյակը։ Դա մոտ վաթսուն տարեկան մի մարդ էր վտիտ դեմքով, կարճլիկ ծայրերը կտրած բեղերով։ Երեք տարի առաջ պարալիչ էր ստացել, ոտները կորցրել էին քայլելու ուժը, և նա ամբողջ օրը պառկած էր. հատկապես յուր համար պատրաստած մի երկայնաձև, շարժուն բազկաթոռի մեջ։ Մի ծառա կարգված էր նրան սպասավորելու գիշեր-ցերեկ։ Գերասիմ Գերասիմիչը նախկին չինովնիկ էր, եղել էր զանազան պաշտոններտւմ և վերջը հասել էր նահանգական վարչության խորհրդականի (советник губернского правления) պաշտոնին։ Յուր ճարպիկ բնավորության և եռանդուն աշխատասիրության միջոցով հույս ուներ ավելի առաջ գնալ, բայց ճակատագիրը դավաճանեց նրան, և նա այժմ անդամալույծ դարձած, անպետքացած, քաշքշում էր յուր կյանքի վերջին օրերը։
Նա ծառային հրամայեց դուրս գնալ, իսկ որդուն հրավիրեց նստել։
— Է՜է, ի՞նչ ես մտածում ապագայիդ մասին, — հարցրեց նա յուր խռպոտ և քայքայված ձայնով։
— Ոչինչ։
— Ոչի՞նչ։ Վրեոշ բրատ, քո հասակում փառասիրությունը որդնի պես ինձ ուտում էր։ Իսկ դու և ես, բրատ, միևնույն պտուղն ենք։ Ամուսնանալու միտք, բան չունե՞ս։
— Ունեմ, պապա, — պատասխանեց որդին համարձակ։
— Ա՜յ երևելի բան, խի՛ խի խի, հըմ, քեզ և ինչ նման մարդկանց համար շուտ ամուսնանալը վատ բան չէ։ Ինձ ամուսնությունը չփրկեց. քեզ էլ չի փրկիլ, բայց կարող