Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/315

Այս էջը հաստատված է

է, որ մեր ազգականները, թյո՜ւ, սբրոդ պարյադոչնիյ... Պյոտր Սոլոմոնիչը, օօ՛օ, նա ուրիշ է, նա քեզ կօգնի։ Ափսոս մայրդ կենդանի չէ, շատ կուրախանար խեղճը, քեզ տեսնելով։ Շելմա, ինչ գեղեցկացել ես, հեհե, ժամանակի՛ն քեզանից վատ չէի։ Նո՛ւ, զգույշ կաց մամզելներից, ե՛ս — քեզ խրատ։ Տեսնո՞ւմ ես, երիտասարդական սխալների հետևանքը երբեմն այս է, օօ՜օ, ի՜նչպես ցավում են անպիտան ոսկորներս։ Բայց կնոջդ հետ պետք է լավ վարվես։ Խեղճ մայրդ, կարող եմ ասել, իմ զոհը դարձավ։ Լաա՜վ, համեստ մի՛ ձևանար, եթե ինձ պես չլինես, ինձանից շատ էլ լավ չես լինի։ Ուրեմն պսակվում ես, շա՛տ լավ, շատ լավ, շատ լավ, ես համաձայն եմ:

— Պապա, չկարծեք որ ես առանց ձեզ մի այդպիսի քայլ կանեի։ Ես ինքս մտադիր էի այս օրերս ձեզ հայտնել և ձեր համաձայնությունը խնդրել։

— Լադնո, լադնո, ես համառ ու կոպիտ հայրերից չեմ, որ հակառակեմ։ Ես ժամանակակից մարդ եմ, մոդեռն, բան հասկացող եմ։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, է՛հ, գնա, աչքերիցդ երևում է՝ Բարաթովների ցեղից ես։ Հաջողությո՜ւն, ոտներս ծածկիր այն պլեդով, այ, այդպես, ա՛խ, ի՜նչպես տխուր է մենակ կյանքը, գնա՛...

Եվ ծերունին, յուր հոգնած գլուխը թեքելով բազկաթոռի մեջքին, աչքերը խփեց, կարծես, նիրհելու համար։

Մարտ ամսի վերջն էր, երբ Բարաթյանի և Գայանեի մեջ, վերջապես տեղի ունեցավ բացարձակ խոսակցություն։ Տարօրինակ էր այդ օրը Գայանեի դրությունը։ Վերադառնալով տուն, նա փակվեց սենյակում, ոչ ոքի չէր թողնում այնտեղ մտնել։ Վերջապես, նրա իղձր կատարվեց։ Նա վաղուց գիտեր, որ սիրվում է, բայց ա՛յլ էին լուռ նշանները, ա՛յլ էր բերանացի խոստովանությունը։ Եվ Բարաթյանը բաց արեց նրա առջև յուր սիրտը, այն մարդը, որ բոլոր երիտասարդների շարքում միակն էր, որ գրավել էր Գայանեին։ Այդ երիտասարդի մեջ, օրիորդի կարծիքով, կային բարոյական ուժ, խելք և արտասովոր ձիրքեր։ Առանձնապես սիրելի էր Գայանեի համար նրա կիսաանփույթ և կիսահեգնական վերաբերությունը կյանքին։ Նա հավատացած էր,