Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/316

Այս էջը հաստատված է

որ եթե Բարաթյանր չի ոգևորվում,— որովհետև ոգևորվելու բան չի տեսնում, եթե լրջորեն չի վիճում, չի տաքանում, ինչպես Դիմաքսյանը կամ ուրիշները,— որովհետև խելքով իրան հավասար մարդկանց չի հանդիպում։ Նա համոզված էր, որ հաճոյախոս, կատակասեր երիտասարդի ներքին աշխարհը պարունակում է հարուստ գանձ, և այդ գանձը վերջ ի վերջո պետք է երևան գա ու ամենքին հիացնի։ Հաճախ նա ուզում էր իմանալ, թե ի՞նչ է այդ բանը, կամենում էր արժանանալ երիտասարդի հավատարմությանը։ Բայց Բարաթյանը երբեք չէր դավաճանում յուր մշտական սովորույթին։ Նա օրիորդի հետ ևս վարվում էր այնպես, ինչպես ուրիշների հետ, հեգնելով և կատակելով։ Եվ Գայանեն չէր վիրավորվում այդ բանից, ընդհակառակը, նա դեռ իրան անարժան էր համարում Բարաթյանի հավատարմությանը։

Իսկ ա՞յժմ... այժմ նա սիրված է նրանից։ Ուրեմն Բարաթյանը նրա հավասարն է, այլևս նրանց մեջ գաղտնիք չի կարող և չպետք է լինի:

«Ես երջանիկ եմ», կրկնում էր նա անդադար մտքում, հետ ու առաջ անցուդարձ անելով յուր սենյակում։ Եվ այդ երջանիկ առանձնության մեջ նա չէր ուզում, որ մեկը խանգարի նրան։ Նա մինչև անգամ ճաշի էլ չնստեց տնեցիների հետ, պատճառելով, թե տկար է։ Սակայն տիկին Բախտամյանը մտավ նրա սենյակը, խանգարեց նրան և մի հայացքով ամեն ինչ հասկացավ։

— Չլինի՞ թե ուզում եք առանց մեզ հարսանիք անել, — արտասանեց տիկինը դառն հեգնությամբ։

— Վաղը նա կգա քեռիի և քեզ հետ խոսելու։

— Բարի գալուստ, — մրմնջաց տիկինը, շրթունքները կրծելով։

Գայանեն այնքան ոգևորված և հափշտակված էր յուր բախտով, որ նրա հուզմունքը այս անգամ չնկատեց։ Նա միայն մի բան էր ցանկանում, տիկինը իրան մենակ թողնի, չխանգարի նրա երջանիկ րոպեները։

Հետևյալ օրր Պյոտր Սոլոմոնիչը սուրճ խմելով լրագիներ էր կարդում, երբ ծառան հայտնեց, թե Բարաթյանը ուզում է նրան տեսնել։ Պատկառելի բուրժուան իսկույն