Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/326

Այս էջը հաստատված է

հովանավորում էր մի խիստ բերան, որի անկյուններում փորված էին երկու խոշոր ակոսներ: Հիվանդության պատճառով չսափրած երեսի կարճ մորուքը հիշեցնում էր ծայրերը կոտրված ասեղների փունջ։

Չնայելով եղանակի տաքությանը, ընդարձակ սենյակի անպաստառ, խոնավ պատերից փչում էր մի թափանցող զով։ Կահ-կարասին բաղկացած էր մի քանի հնաձև աթոռներից և մի երկայն ու լայն թախտից, որի ծայրում պառկած էր հիվանդը։ Մի անկյունում սենյակի հատակին բևեռված էր մի երկաթյա ժանգոտված սնդուկ։ Նա փակ էր, նրա պարունակությունը ոչ ոք չգիտեր, ինչպես և անհայտ էր, թե ի՞նչ են պարունակում նրա տիրոջ հոգին ու սիրտը։

Լսելով որդու բարևելու ձայնը, Մարգար աղան գլուխը չբարձրացրեց, չնայեց նրա երեսին, ոչ էլ մի բառ արտասանեց։ Նա միայն յուր ջղոտ ձեռը մեկնեց նրան։ Արսենը սեղմեց այդ կոշտ ձեռը։ Ծերունին շտապով հետ քաշեց, նա կարծում էր, թե որդին գոնե կհամբուրե հայրական աջը։ Շիկահեր մարդը մի աթոռ մոտեցրեց, և Արսենը նստեց նրա վրա։

— Ի՞նչպես եք այժմ։

Ծերունին թավ, ալեխառն հոնքերը վեր քաշեց և մի ակնթարթ միայն նայեց որդու երեսին։ Այնուհետև դարձյալ նրա ծանր կուչկուչված կոպերը խոնարհվեցին լուսամուտների վարագույրների պես, որ չթույլ տան արեգակի ճառագայթներին ներս թափանցել։ Նորից սովորական խստությունը և մռայլությունը սքողեցին նրա դեմքը։

Մի քանի րոպեից հետո, վերջապես, լսվեց նրա ձայնը։ Այդ ձայնը հնչում էր պղնձի պես։ Նա ազդու էր և գալիս էր մի լայն ու հուժկու կրծքից։ Նա սովոր էր հրամայել և գոռալ։

— Ինչո՞ւ ես եկել:

— Հեռագիր էի ստացել։

Ծերունին նայեց խոշոր հայացքով անկողնի դեմ կանգնած շիկահերին և բարկացած գոչեց։

— Չասացի՞ ձեզ, թողեք մեռնեմ, գա գերեզմանս էլ չգտնի։