Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/330

Այս էջը հաստատված է

Արդեն նա առողջացել էր, ոտքի էր կանգնել և հետևում էր անձամբ յուր գործերին։ Առավոտից մինչև երեկո նա պատում էր յուր տան առջև ձգված ընդարձակ պարտեզում։ Սովորաբար նա հագնում էր կաշվե բաճկոն մորթյա աստառով, ձեռին կրում էր երկաթե սուր ծայրով մի ձեռնափայտ, ճիշտ այնպիսին, որ գործ են ածում ժամհարները գավառներում։ Այգեպանը հետևում էր նրան քայլ առ քայլ և համբերությամբ լսում նրա կոպիտ հանդիմանությունները, բարձրաձայն գոռոցները և բազմատեսակ օրիգինալ հիշոցները։ Երբեմն նա յուր ուսերի վրա ընդունում էր ծերունու ուժեղ ձեռով տված փայտյա հարվածները։ Եվ լսում էր, չէր բողոքում, և ո՞ւմ բողոքեր։

Արսենը հեռվից դիտում էր հորը և ականջները փակում նրա ծայրահեղ հայհոյանքները չլսելու համար։

Առավոտ երեկո ներկայանում էր Սարիբեկը։ Մարգար աղան, թեյի բաժակը առջևը դրած, պատշգամբի վրա թիկն տված մեծ աթոռի մեջքին, լսում էր նրա զեկուցումները։ Նա Սարիբեկի վրա ևս գոռում էր ճիշտ այնպես, ինչպես այգեպան սպասավոր-խոհարարի վրա, նույն անզուսպ հիշոցներով զարդարելով նրան ոտից մինչև գլուխ, նախահայրերից սկսած մինչև ապագա սերունդները։ Հլու կառավարիչը մի խոսք անգամ չէր արտասանում, դժկամակության մի թույլ նշան անգամ չէր ցույց տալիս։ Ընդհակառակը, նրա երեսին նայողը կկարծեր, թե ծերունու հայհոյանքները և գոռոցները նա հաճույքով է ընդունում, ինչպես յուր զանցառությունների արժանի վարձ։

Վերջանում էր զեկուցումը, և ծերունին խիստ եղանակով, անընդդիմադրելի ձևով տալիս էր Սարիբեկին յուր հրամանները։ Այսինչ խանութպանի ժամանակը լրանում է, պետք է վարձը ավելացնել. այն մյուսը վարձը ուշ է բերում, պետք է դատաստան քաշել. ցորենը չպիտի ծախել, անձրև չկա, ձմեռը հացի գինը կբարձրանա, և այլն, և այլն։

Եվ երբ Սարիբեկը, «ծառա եմ հրամանքիդ» ասելով, խոնարհ գլուխ էր տալիս և հետ ու հետ գնում, ծերունին նրա հետևից մրթմրթում էր։ «Շան ծնունդ ես, հացի տեր կլինիս, իմ որդու պես փիլիսոփա չես»։