Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/331

Այս էջը հաստատված է

Որդին լսում էր և ոչինչ չէր ասում։ Նա միայն մտածում էր, ինչպես անել, որ Սարիբեկի զեղծումները պարզի:

Մի անգամ այլևս չկարողացավ զսպել իրան։

— Հայր (երբեք նա «հայրիկ» չէր ասում), Սարիբեկին ի՞նչքան ռոճիկ եք վճարում, — հարցրեց նա։

— Շա՞տ ես ուզում իմանալ, — արտասանեց հայրը, խոշոր հոնքերի տակից բարկացկոտ աչքերը բարձրացնելով նրա վրա։

— Այո՛, շատ հետաքրքրական է։

— Տարեկան 130 ռուբլի և մի սոմար ցորեն։

— Տարեկան հարյուր երեսուն ռուբլի՞...

— Եվ մի սոմար ցորեն, ասացի քեզ, — շեշտեց ծերունին։

— Նա կարողանո՞ւմ է այդ չնչին ռոճիկով ապրել։

Ծերունին զարմացած նայեց որդու երեսին։ Պարզ էր, որ նրա համար ավելի հիմար հարց չէր կարող լինել։

— Ինչո՞ւ չի կարող, խոմ շահզադե չէ, ապրում էլ է ու հինգ երեխա ու կնիկ էլ է պահում։

— Հինգ երեխա՞, այդ անկարելի է։

— Երբ որ Մարգար աղա Դիմաքսունովը ասում է կարելի է — հրամանքդ թող չզարմանա։

Որդին մի քանի վայրկյան լռեց, հետո դարձյալ վստահացավ շարունակել յուր հարցերը.

— Այդ Սարիբեկը մեր ի՞նչն է:

— Մորդ եղբոր կնկա եղբոր տղան։

— Նա ձեզ ուղիղ հաշիվ տալի՞ս է։

— Ասելդ ի՞նչ է։

— Ասելս այն է, որ այդ մարդը աչքիս մաքուր չի երևում։

Ծերունին մի ձեռը կռթնեց կողքին, նայեց հեգնական որդու փոքրիկ հասակին կոշիկների ծայրից սկսած մինչև ճակատը և, քթի տակ ծիծաղելով, երեսը հետ դարձրեց։

— Այո՛, այդ մարդը ինձ կասկածելի է թվում, — շարունակեց որդին, — գյուղացիներն էլ շատ են գանգատվում:

— Գյուղացիները շա՞ատ են գանգատվում, գյուղացիները...