Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/334

Այս էջը հաստատված է

համար։ Նրա կյանքի մեջ մտավ մի տեսակ թարմ հոսանք։ Նրա տաղտկությունը անցավ, սիրտը զվարթացավ և լցվեց նոր եռանդով։ Ուրեմն նրա խոսքը իզուր չէ անցնում, նրա ցանած սերմերը ավազոտ հողի վրա չեն ընկնում։ Այնտեղ, ընկերների, գաղափարակիցների շրջանում նրան հալածում են, ծաղրում, վիրավորում։ Այստեղ հարգում են, պատվում և ուշադիր են նրա ամեն մի խոսքին։

Ինչո՞ւ ուրեմն հուսահատվել։ Թող հալածեն, որքան կամենում են. թող թշնամանան, որքան կարող են։ Մազի չափ նա չի շեղվիլ յուր բռնած ընթացքից։ Նա հավատարիմ կմնա յուր արմատական գաղափարին — քարոզել ճշմարտությունը ինչ բանի մասին էլ լինի, ուր և լինի, աներկմիտ, անշեղ, աներկյուղ, և մնալ անդրդվելի, ինչպես սեպացած ժայռ ծովի հարատև ալիքների առաջ։ Ժողովուրդը կարոտ է անկեղծ քարոզչի, բավական է, որքան նա խարխափեց տգիտության խավարի մեջ։

Իսկ այդ կամակոր ծերունին թող մնա նույնպես անհողդողդ յուր քարացած աշխարհում։ Կենդանին մեռելների հետ գործ չունե։ Թող համառը, եթե կամենում է, բոլորովին մինչև անգամ զրկե նրան ժառանգությունից։ Նա կարող է առանց փողի, առանց հասարակական դիրքի, քաղցած փորով, դատարկ գրպանով էլ գործել և օգտավետ լինել։

«Չէ՞ որ վեց տարի ուսանող եմ եղել, դարձյալ կապրեմ ինչպես ուսանող»։

Մի քանի անգամ նրան հրավիրեցին այս ու այնտեղ երիտասարդների ժողովներին։ Նա հանդիպեց մի քանի առողջամիտ անձանց, խորհուրդ տվեց նրանց կազմել մի շրջան, որի նպատակը լիներ հասարակ ժողովրդի մեջ տարածել գրագիտություն, կարդալու սեր և ժամանակակից գաղափարներ։

Առաջարկությունը ընդունվեց հրճվանքով, կազմվեց մի խումբ գործը գլուխ բերելու համար։ Եղան և՛ հակառակորդներ, մանավանդ Վապյան անունով մեկը։ Դա չոր կազմվածքով, սև, երկար մազերով, բարակ ձայնով, կապույտ ակնոցներով մի հակակրելի մարդ էր, որ Դիմաքսյանի զզվանքն էր հարուցանում։ Հետո նա իմացավ, որ այդ Վապյանը առաջ