Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/34

Այս էջը հաստատված է

նրա բարի աչքերի մեջ փայլեց եղբայրական անուշ հեգնությունը։ Օրիորդի արևակեզ այտերը ավելի շառագունեցին։ Նա հոնքերը սեղմեց, երեսը շուռ տվեց մյուս կողմ:

— Լավ, մի՛ ամաչիր, Մարո,— շտապեց ավելացնել երիտասարդը, ժպտալով։— Դու գիտես, որ Մելիք-Բարսեղյանը իմ լավ ընկերն է, ես նրան սիրում եմ։ Բայց մի' մեղադրիլ ինձ, որ քեզ այդպես շուտ բաժանեցի նրանից։ Ես ավելի չէի կարող մնալ Դիլիջանում։

— Ինչո՞ւ,— հարցրեց օրիորդը հետաքրքրված եղբոր վերջին խոսքերով։

— Ինչո՞ւ,— կրկնեց երիտասարդը,— միթե դեռ էլի չե՞ս հավատում իմ վճռին։ Ես պետք է պատրաստվեմ շուտով ուղևորվելու արտասահման։

— Դարձյա՛լ արտասահման,— ասաց օրիորդը թախծորեն,— Ռուբեն, թո՛ղ այդ մտադրությունդ։ Քո հեռանալդ ինձ վախեցնում է, մնացի՛ր Թիֆլիսում։

— Ի՞նչ, միթե դու ուզում ես, որ եղբայրդ թերու՞ս մնա։

— Թերո՞ւս,— գոչեց օրիորդը զարմացած։

— Այո, թերուս,— պատասխանեց երիտասարդը դրական եղանակով,— որովհետև գրպանում համալսարանի դիպլոմ ունենալը դեռ ուսումնական լինել չի նշանակում։ Դեռ շատ բան է մնում սովորելու, օօ, շատ բան։

Վերջին բառերը արտասանելիս երիտասարդի պայծառ դեմքը մթագնեց հոգսերի ստվերով։

— Դու կարելի է ճշմարիտ ես ասում,— խոսեց օրիորդը,— ես դեմ չեմ։ Կամենում եմ, որ դու կատարելագործվես, որքան կամքդ է։ Բայց քեզանից բաժանվելը, Ռուբեն, ես քանի անգամ քեզ ասել եմ արդեն, ծանր է ինձ համար, շատ ծանր։

— Քեզ առաջարկում եմ և խնդրում, որ հետս գաս, բայց դու համառություն ես անում։ Ինչո՞ւ— չեմ իմանում։ Հավատացիր, որ լավ կլիներ թե' ինձ համար և թե' քեզ համար։


— Շատ լավ կլիներ,— կրկնեց օրիորդը, հառաչելով,— կցանկանայի, հոգով կցանկանայի, բայց…