կարծիքդ կփոխե՞ս իմ մասին։ Այժմ տեսնում եմ, որ դու հավատում ես իմ անկեղծ սիրույն, ուրեմն երջանիկ ենք...
Տասը օր անցած կատարվեց հարսանիքը, մի փառավոր հարսանիք Պյոտր Սոլոմոնիչի շնորհիվ։ Հրավիրված էին թեմական առաջնորդը, նահանգապետը, գեներալներ, հյուպատոսներ, քաղաքագլուխը բոլոր առաջնակարգ իրավասուների հետ։ Վերջապես, երևան եկավ այդ Ամբակում Աֆանասևիչ կոչված իրավասուն, որի ասածներից Պյոտր Սոլոմոնչը միշտ ցիտատներ էր բերում։ Դա տեղական հայտնի տուզերից մեկն էր, հայտնի, բացի յուր դիրքից, երեք արշին շրջապատ ունեցող փորով և ձմերուկի չափ երեսով։ Բարաթյանը յուր կողմից հրավիրել էր ընկերներից միայն մի քանիսին։ Անգործ Մսերյանը մոռացվել էր։ Խաչեղբայրը Վեքիլյանն էր։
Դիմաքսյանը հրավիրատոմսը պատռեց և ձգեց մի կողմ։ Այդ հրավերը նա համարում էր մի նոր ծաղր և վիրավորանք Բարաթյանի կողմից։ Նոր պաշտոնը նրան գրավել էր բոլորովին։ Օգոստոսի ընթացքում ցուցակագրած թերությունները նա ասպարեզ էր հանել։ Կողմնակից հոգաբարձուները, հակառակ դիմադրող կուսակցության, վճռեցին կատարել նրա պահանջները։ Իսկ ինտրիգները շարունակվում էին, մանավանդ ուսուցիչների մեջ։ Գերմանական մանկավարժ Ինյաթյանը, այդ դեղնագույն աչքերով և սառն դեմքով երիտասարդը, վիրավորվել էր, որ տեսչական պաշտոնը իրան չէին հանձնել։ Օգնության կանչելով յուր մանկավարժական պաշարը, նա կատաղի կերպով բողոքում էր Դիմաքսյանի դեմ։ Նրա կարծիքով, նոր տեսուչը ոչինչ և ոչինչ չէր հասկանում, որովհետև մանկավարժության մեջ մասնագետ չէր։ Հանուն Հերբերտ-Ցիլլեր-Պեստալոցիի ուրվականների նա պարզել էր յուր դրոշակը մի լրագրում և անստորագիր հոդվածներով հարվածում էր Դիմաքսյանի սիստեմը։ Իսկ Դիմաքսյանը ընդունում էր այդ հարվածները։ Ծծում էր նրանց թույնը յուր սրտի մեջ և հաճախ յուր մենության մեջ վրդովվում, որովհետև նրա ուղղությունը բացատրվում էր սխալ, վայրիվերո, անբարեխիղճ կերպով։ Հարկավ, նա բոլորին պատասխանում էր։ Բայց երբեմն հակառակորդները այնպիսի