արագությամբ թռցնում էին նրան առաջ։ Մի վայրկյան Դիմաքսյանի աչքերը փակ լուսամտով թափանցեցին կառքի ներսը։ Մի թարմ, առույգ և ուրախ երիտասարդ ժպտաց, գլուխը շարժելով։ Ժպտաց և՛ մի կանացի վառվռուն և երջանիկ դեմք։ Նրա կապտագույն աչքերը պսպղացին սև ու երկար թերթերունքների միջից։
Կասկած չկար, որ նրանք էին։
Զույգի հետևից երևեցան Վեքիլյանը տիկին Բախտամյանի հետ, Պյոտր Սոլոմոնիչը Օվսաննայի հետ և մի շարք ծանոթ ու անծանոթ մարդիկ ու կանայք, զույգ֊զույգ նստած առանձին֊առանձին կառքերում։
Նա կանգնած էր և նայում էր լուռ, սակայն շատ բան արտահայտող, երջանիկ հանդիսի հետևից։ Կամրջի ծայրում կարեթը ծռվեց դեպի ձախ։ Նա սլանում էր դեպի երկաթուղու կայարանը։ Երջանիկ զույգը գնում էր ճանապարհորդելու:
Նա ամբողջ մարմնի մեջ զգաց մի տարօրինակ սառնություն։ Կարծես, արյունը նրա երակների մեջ դադարեց վազելուց։ Անցա՜վ, ուրեմն, նրա աչքի առջև այն երանությունը, որին նա հանդգնել էր մի ժամանակ յուր համար երազել։ Գնա՜ց հակառակորդը յուր հաղթության պտուղը վայելելու։ Իսկ նա ընկճված, ոչնչացած, հրապարակական ծաղրի ենթարկված, կանգնել է և նայում լքացող բախտի հետևից:
Նա ձեռը հենեց կամրջի լապտերի թուջյա սյունին և անզգայաբար ցած նայեց։ Այնտեղ, հսկայական կամարների տակ մռնչալով անցնում էր պղտոր, հորդացած, դեղնագույն գետը։ Մի վայրկյան նրա աչքերը մթագնեցին, գլուխը պտտեց, ծանրացավ։ Թվաց նրան, որ մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի ցած։ Դա ընթացող ջրի ձգողական ուժն էր։ Նրա մարմնով անցավ մի սուր սարսուռ։ Նա երեսը հետ դարձրեց և վերադարձավ տուն։
Սիրականը, պատշգամբի վրա նստած, լսելի ձայնով կարդում էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Նրա շիլ աչքեքրի ձեջ նշմարվում էր զվարճության փայլը, երևի, նա գրվածը շատ էր հավանել։