այնպես շարժելով, որ, կարծես, նույն րոպեին դռները բացվեցին և կես դյուժին երեխաներ ճըվճըվալով ներս թափվեցին:
— Ի՞նչ է պատահել բժիշկ, — գոչեց Մսերյանը, շտապով ներս մտնելով յուր հաստ ձեռնափայտը և լայնեզր գլխարկը ձեռին։
Բժիշկը մեջքի վրա շուռ եկավ ընկերոջ ձայնին։
— Այդ դո՞ւ ես։ Հը՛մ, ի՛նչ է ասում իդեալիստի վարդագույն երևակայությունը ինֆուզորիաների մասին։
— Ժամանակ չէ, եղբայր, պատերի հետ մասլահաթ անելու։ Այն ի՞նչ հորս ցավն էին տալիս, չէիր ուզում։ Վեր կաց ոտքի։
— Այսպես ավելի բանաստեղծական է, պառկի՛ր, զրույց անենք։
— Վե՛ր կաց, ասում եմ, Արսենը հիվանդ է։
— Հոգեպե՞ս, թե՞ մարմնապես։
— Երեսունութ ու վեց տասնորդական աստիճանի տաքություն ունի, իսկույն չափեցի։
— Ասենք, դա նրա նորմալ դրությունն է, տեմպերատուրան շատ բարձր է։
Մսերյանը, բռնելով նրա թևից, ուժով ոտքի կանգնեցրեց և ստիպեց հագնվել։
Երբ նրանք ներս մտան, Դիմաքսյանը անկողնի մեջ նստած ծնկների վրա ինչ-որ գրում էր։ Մսերյանը խլեց նրա ձեռքից թուղթն ու գրիչը, գոչելով.
— Երևակայում եմ, այդ դրության մեջ ի՛նչ խելոք բան կգրես։
Սալամբեկյանը տնքտնքալով, ծուլաբար քննեց ընկերոջը, քթի տակ մրթմրթալով.
— Հիմա մեռնենք, թե երեսուն տարի հետո՝ միևնույնն է։ Դատարկ բան է, մրսել ես...
Նա գրեց մի քանի դեղեր։ Մսերյանը անձամբ շտապեց վազել դեղատուն։ Առհասարակ նա շատ էր վախենում ընկերոջ մասին և հոգում էր, ինչպես ավագ եղբայր։
Ամբողջ օրը ընկերները մնացին հիվանդի մոտ։ Մսերյանը չէր թողնում Սիրականին ներս մտնել։ Մի ժամանակ նա հիվանդանոցներում շատ է հիվանդապահի պաշտոն կատարել