Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/353

Այս էջը հաստատված է

Նրա ատամները դողդողում էին և ուժգին ու արագ-արագ զարկվում միմյանց։ Ա՛հ, ցուրտ է, սաստիկ ցուրտ։ Ինչո՞ւ նրա ողնաշարը այնպես ցավում է, կարծես, նա ուզում է բաժան-բաժան լինել, կարծես, ոսկորները ուտում են միմյանց։ Նրա ամբողջ մարմնին տիրեց կապարային ծանրություն։ Այդ ի՞նչ է նշանակում. ցուրտ է, պետք է ծածկվել։ Եվ նա վերմակը քաշեց գլխին, ոտները հավաքեց, կծկվեց, կուչ եկավ ամբողջ մարմնով և դարձավ մի փոքրիկ կծիկ։ Լսվում էին նրա ծանր տնքտնքոցը ու հառաչանքները։ Տասը րոպեից հետո ցուրտն անցավ։ Սկսվեց մի նոր տաքություն. և այս անգամ ավելի սաստիկ։

Նա դեն շպրտեց վերմակը, կուրծքը բաց արավ և ձեռները տարածեց աջ ու ձախ։ Նրա պղտոր և կարմրած աչքերը թափառում էին առաստաղի վրա, պատից պատ, անկյունից անկյուն։ Իսկ մթնած միտքը կայծակի արագությամբ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները անբնական կերպով, չափազանցրած, անկապ, անորոշ, հատ ու կտոր...


XVII


Հանկարծ նրան թվաց, թե ինքը դպրոցումն է։ Ահա և՛ աշակերտները, շարեշար նստած, պատասխանում են նրա հարցերին։ Մի չար պատանի, ընկերներին աջ ու ձախ բոթելով, ստեպ-ստեպ մատը բարձրացնում է և ոտքի կանգնում։

«Արաբյա՛ն, հանգիստ նստիր», գոչեց նա բարձրաձայն։

Բայց ո՛չ, դա ուսումնարան չէ։ Նա կանգնած է մի ընդարձակ դահլիճում։ Նրա առջև հավաքված է անթիվ բազմություն, գյուղացիների և քաղաքացիների մի խառնիճաղանջ ամբոխ։ Նա քարոզում է ամբոխին լույս և գիտություն։ Նրա ձախը դյութական զորությունով ամենքին գրավել է, լսում են լուռ, ուշադիր, անշարժ։ Օ՜օ, ո՜րքան լավ է ընդհանուրի մտքին տիրելը։ Հանկարծ մի շշուկ է բարձրանում։ Նա զգում է, որ մեկը հետևից բռնեց նրա հագուստի փեշերը։ Նրան ուզում են ցած գլորել։ Նա հետ է նայում, աա՛, դա