Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/355

Այս էջը հաստատված է

«Տիկիննե՛ր, օրիորդնե՛ր». նորից գոռաց հիվանդը, ավելի խռպոտ ձայնով։

Հյուրասենյակում տիրում է միանվագ լռություն։ Բոլոր հանդիսականները երեսները դարձնում են դեպի նրա կողմ։ Վերջապես, նշմարեցի՞ք Դիմաքսյանին։

«Ով է խրվել այն բազկաթոռի մեջ», ասում է մի գոռոզ տիկին, մոնոկլը պահելով աչքին։

Դիմաքսյանը ոտքի է կանգնում։

Հիվանդը նստեց անկողնի մեջ։

Ամենքը զարմացած են։ Սպասեցե՛ք, իսկույն նա ցույց կտա, թե ով է ինքը։ Բոլորը անշարժ են, բերանները կիսաբաց, գլուխները վեր բարձրացրած։ Դյութական ձայնը նրանց մի ակնթարթում արձանացրել է նույն դիրքում, ինչ դիրքում որ էին։ Կառքերի ձայնը խլացնում է նրան, օօօ՛, ամբողջ քաղաքը, կարծես, զվարճանում է նրանց երջանկությունով։ Իսկ ինքը մենակ, արհամարհված, ընկճված։ Այս ի՞նչ ձայներ է լսում նա, ինչո՞ւ են հարձակվում նրա վրա։

«Ինչո՞ւ, ինչո՞ւ»...

Հիվանդը ձեռը զարկեց անկողնակալի կողքին։

Լսվում է մի բարձր ծիծաղ։ Նա թատրոնումն է, Վեքիլյանի առաջ կանգնած։ Գայանեն մոտենում է նրան և նայում։ Նա հանկարծ բռնում է օրիորդին ամուր ձեռներով, խելագարի պես։ Վայրկենաբար օրիորդի կրծքից դուրս է թռչում մի բարձր ճիչ։ «Դա հրե՛շ է», գոչում է նա և սարսափած փախչում։ «Հրե՛շ է», կրկնում են բոլոր կանայք և վազում այս ու այն կողմ։ Տղամարդիկ ծիծաղելով հետևում են նրանց։ Ամենից հետո դուրս է գալիս Բարաթյանը և դուրս գալուց առաջ զզվանքով նայում է Դիմաքսյանի վրա։ Նա համբուրում է Գայանեին, օօօ՛, համբուրում է յուր հարսնացվին, յուր ամուսնուն։ Հիվանդը, ատամները կրճտելով, ձեռներով ամուր բռնեց գլխի մազերը։

Նա միայնակ է և դարձյալ նույն հյուրասենյակում։ Նրա հայացքը ընկնում է դիմացի հայելու մեջ։ Այնտեղ նա տեսնում է յուր ամբողջ կերպարանքը նկարված ոտից մինչև գլուխ։ Տեր աստված, ի՞նչ բանի է նմանում նա։ Այտերի ոսկորները դուրս ընկած, ահռելի բերանը լայն բացած