Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/366

Այս էջը հաստատված է

հանկարծ համակեց նրա սիրտը, և նա հուզված ձայնով ասաց.

— Ո՛չ, Իսակ, աշխատիր ոչ ոքի հետ չթշնամանալ։ Ես չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում, որ դու թշնամիներ ունենաս, մարդիկ կարող են քեզ վնասել։

— Ոչ ոք չէ կարող ինձ վնասել և ոչ մի թշնամուց ես չեմ վախենում։ Մանավանդ ահա այսպիսիներից և սրա ընկերներից։

Դեմուդեմ հապաղ քայլերով գալիս էր Մսերյանը, ձեռները մեջքին դրած և ցրված հայացքով նայելով այս ու այն կողմ։ Բարաթյանը, գդակը մի արշին վեր բարձրացնելով, գոչեց հայերեն.

— Պատիվ ունեմ...

Մսերյանը հազիվ կարողացավ հանել գլխից յուր լայնեզր գլխարկը, որ թևերը կոտրված ագռավի պես փռվել էր նրա ուսերի վրա։ Մի քանի քայլ հեռանալով, նա կանգ առավ, մի փիլիսոփայական հանգիստ հայացք ձգեց զույգի հետևից, գլուխը շարժեց և արտասանեց.

«Չեմ կարծում, որ քեզ համար այժմ մեծ պատիվ լինի Մսերյաններին բարևելը»։

Եվ նույն փիլիսոփայական հանդարտությամբ շարունակեց յուր ճանապարհը։


II


Դիմաքսյանի հիվանդությունը սուր բնավորություն ստացավ։ Բժիշկ Սալամբեկյանը, տեսնելով, որ նա թոքերի բորբոքում ունե, հրավիրեց յուր արհեստակիցներից մի քանիսին կոնսիլիումի։ Վճռեցին, որ հիվանդի դրությունը շատ վտանգավոր է։ Նրան ժամանակավորապես փոխադրեցին հենց նույն տանտիրուհու մոտ մի ուրիշ ավելի հարմար սենյակ։ Մսերյանը գիշեր ու ցերեկ չէր հեռանում նրա անկողնու մոտից։

Մի քանի օր շարունակ Դիմաքսյանն այնպիսի ծանր վիճակի մեջ էր, որ Սալամբեկյանը սաստիկ վախեցավ։ Մի օր նա յուր երկյուղը հայտնեց Մսերյանին, և երկուսն էլ արտասվեցին իրենց ընկերոջ մասին։ Սակայն դա հիվանդության