Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/370

Այս էջը հաստատված է

Նա երեսն իսկույն դարձնում էր և դարձյալ նայում դեպի վեր։ Այնտեղ շարունակ սլանում էին ուրուրները, սուր աչքերով ցածում որսեր որոնելով։ Ծառերի խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկներն անընդհատ ծլվլում էին, ինչպես լարված մեքենայիկներ։ Գետի հանդարտ հոսանքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում էր մեղմ շշուկ, քաղցր մեղեդիով օրորելով մարդկային լսելիքը։ Արևի հեշտալի պայծառ շողքերը գետափի պարզ ճահիճների կանաչագույն մակերևույթի վրա գոյացնում էին բյուրավոր ադամանդներ։

Նա ուզում էր նիրհել։ Նիրհել բնության ծոցում, հեռու մարդկանց իրարանցումից, հեռու աշխարհի ապականված ալիքներից։ Հեռու նույնիսկ յուր հոգու այն տարրերից, որ քսանութամյա գոյության ընթացքում անխախտելի կապ էին հաստատել նրա և մարդկության մեջ։ Սակայն նրա սիրտն անդորր չէ։ Այնտեղ բարձրացել է մի նոր ալեկոծություն, հոգին խռովված է, միտքը շփոթված։ Եվ նա հառաչելով դառն մելամաղձությամբ արտասանում է.

«Ա՜խ, որքան տխուր է առանց սիրո ապրելը...»


III


Պյոտր Սոլոմոնիչը հիացած էր յուր պրոտեժեներով։ Չէր անցել չորս ամիս, երիտասարդ իրավասուները արդեն ցույց էին տալիս, թե որքան հասկանում են իրանց պաշտոնի բարձրությունը։ Ամեն մի նիստին նոր հարցեր էին զարթեցնում, գրգռելով հին իրավասուներին և ուրախացնելով նորերին, որոնց ամենաճարտար օրգանը Բարաթյանն էր։

Գայանեն ամեն երկուշաբթի երեկո այցելում էր Դումայի նիստերը և հրճվանքով լսում յուր ամուսնու ճառերը։ Բարաթյանը խոսում էր հանգիստ հոգով, անվրդով, առանց շեղվելու և շփոթվելու, ինչպես մի փորձառու հռետոր։ Երբեմն նա յուր ճառը համեմում էր սրամիտ դարձվածներով, որով պակաս հաճություն չէր պատճառում լսողներին։ Կարճ ժամանակում նա դարձավ շատերի սիրելին, հարգելի դիրք բռնելով իրավասուների շարքում։ Նրան ընտրեցին մի քանի մասնաժողովների անդամ։