Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/372

Այս էջը հաստատված է

մտքեր, մեկը մյուսից վատ, ատելի և գարշելի: Նա ինքը զզվում էր այն մտքերից և աշխատում էր խույս տալ նրանցից, ինչպես մի չարագուշակ երևույթից, որ սպառնում էր խլել նրա հոգեկան անդորր երջանկությունը, բայց չէր հաջողվում։ Միշտ այդ մտքերը հետևում էին նրան ուր և լիներ, ինչ և աներ։

Բարաթյանի սուր աչքերից, հարկավ, չէր կարող խուսափել այս փոփոխությունը։ Երբեմն նա հասարակ, անփույթ կերպով հարցնում էր.

— Դու անհանգի՞ստ ես, Գայանե։

— Ո՛չ:

— Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում ինձ և հառաչում։

Գայանեն կամ մի կերպ խույս էր տալիս պատասխանից, կամ բռնի կերպով ծիծաղում էր և փաթաթվում ամուսնու պարանոցին։ Կեղծիքը և արվեստականությունը այնքան պարզ էին, որ աննկատելի չէին կարող մնալ Բարաթյանի համար։

Մի գիշեր Բարաթյանը տուն վերադառնալով, տեսավ, որ Գայանեն լալիս է։ Այդ աոաջին տխուր արցունքն էր, որ նա տեսնում էր կնոջ աչքերի մեջ։

— Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ։

— Դու էլի հուզվա՞ծ էիր։

— Այո՛։

Բարաթյանը մեջքից թեքվեց, համբուրեց նրան արտասանելով.

— Գուցե նրանիցն է։

— Այո՛... չգիտեմ... կարող է լինել...

Եվ երկուսն էլ խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին, երկուսն էլ լռեցին։

Այնուհետև Բարաթյանը հաճախ նրան տեսնում էր արտասվելիս։ Նա միշտ պատճառը վերագրում էր կնոջ «բնական դրությանը», աշխատելով մոռանալ ուրիշ, ավելի կարևոր, ավելի հիմնական պատճառներ։ Նա ճգնում էր Գայանեին զվարճացնել սրախոսություններով։ Նա պատմում էր ծիծաղաշարժ դեպքեր Դումայի նիստերից, ներկայացնում էր այս կամ այն իրավասվին, ինչպես մի տաղանդավոր դերասան: