մեջ փայլում էր անսովոր բարկություն։ Նախասենյակում նա, առանց որևէ պատճառի, գոռաց սպասավորի վրա, որ մոտենում էր նրա վերարկուն հանելու։ Նա մտավ ուղիղ հյուրասենյակ։ Օվսաննան Լիզոչկայի և Էլեչկայի հետ պարապում էր:
— Ի՞նչ եք անում այստեղ, չե՞ք կարող ձեր սենյակում խաղալ։ Օվսաննան վիրավորված ոտքի կանգնեց։ Մանկահասակ քույրերը ապշած նայեցին իրանց հորը, որին հազիվ թե երբևէ այդպես չարացած տեսած լինեին։
— Ո՞ւր է ձեր մայրը, — գոչեց ծերունին։
Էլեչկան ցուցամատը բերանին դրած, մյուս ձեռը մեկնեց դեպի աջ։
Պյոտր Սոլոմոնիչը անհապաղ անցավ կից սենյակը։ Տիկինը սովորական զբոսանքից նոր վերադարձել էր և հա հագուստը փոխում էր։ Լսելով ամուսնու քայլերի ձայնը, նա ուզեց հանդիմանել, որ առանց նախազգուշացնելու համարձակվում էր ներս մտնել։ Նա հետևում էր արիստոկրատ տիկինների օրինակին, մարդուն թույլ չէր տալիս շատ էլ համարձակ վարվել, այսինքն ուզած ժամանակը մտնել նրա սենյակը։ Բայց երբ նայեց նրա այլայլված դեմքին, ապշեց։ Նրա ձեռները մնացին կրծքի կոճակների վրա։
Պյոտր Սոլոմոնիչը կանգնեց նրա դեմուդեմ, նայեց նրան ոտից մինչև գլուխ և դառն ծիծաղով արտասանեց.
— Գեղեցկուհին, ինչպես երևում է, նոր է վերադարձել։
— Ի՞նչ է պատահել, Պետյա, «Պետյա» կամ «Պետկա» նա կոչում էր ծերունի Պետրոսին այն ժամանակ, երբ փաղաքշանքով խոսելու կարիք էր լինում։
— Ինչ է պատահե՛լ... աստված ինձ բախտավորեցրել է։
— Ես չեմ հասկանում։
— Օօօ՛, դու շատ լավ ես հասկանում, — մռնչաց Պյոտր Սոլոմոնիչը, ատամները չարաչար կրճտելով։
— Խելագարվել ես, ի՞նչ է։
— Իհարկե, խելագարվել եմ, ծերացել եմ, այստեղս դրուստ չէ, մազերս — բամբակ, ինքս ուժից ընկած, թուլացած, տգեղացած, իսկ դու, դու, դու...