առանց մեզ,— նկատեց Նատալիան Մարիամին մի երկդիմի եղանակով։
— Դու չես կարող երևակայել, Նատո,— շարունակեց Մարիամը ոգևորված,— թե ինչ ուրախ օրիորդ է մեր մորաքրոջ աղջիկը։ Գեղեցիկ, կրթված, համակրելի, նրա նմանը Թիֆլիսում ես չեմ տեսել։
— Իհարկե, Երևանում մայրաքաղաքի կրթություն ստացած կլինի,— ասաց օրիորդ Նատալիան ծաղրաբար։— Բայց սիրելիս, ինչո՞ւ միայն այդ աղջկան ես գովում, միթե ուրիշ գովելու մարդ չկա՞ր այնտեղ։ Իսկ այն երիտասարդ բժի՞շկը, որի հետ դու վաղուց, շատ վաղուց ծանոթ ես։
Մարիամը մի մեղմ հանդիմանական հայացք ձգեց Նատալիայի երեսին և ոչինչ չպատասխանեց։
— Ի՜նչ սևացել ես, Մարո,— փոխեց յուր խոսքը Նատալիան, ներքուստ նախանձելով Մարիամի դեմքի գրավչությանը,— մի բանի նման ես, բայց չգիտեմ ինչի։
— Գնչուհու,— հարեց Մարիամը անկեղծաբար։
— Լա՛վ, լավ, կեղծ համեստություն մի' անիլ,— գոչեց Նատալիան կծված ձայնով,— ինքդ շատ լավ իմանում ես, որ… գեղեցիկ ես, ինչ հարկավոր է կոտրատվել։ Ախ, տեր աստված, տրաքեց գլուխս, ների՜ր հոգիս, ես այլևս նստել չեմ կարող։
Ասաց Նատալիան և անմիջապես վեր կացավ գնաց յուր սենյակր։
— Գնա, օգնիր, որդի, նա հիվանդ է,— ասաց տիկին Սոփիոն Մարիամին:
Օրիորդը հետևեց Նատալիային։ Տիկինը մնաց Ռուբենի հետ։
— Հանգուցյալ մայրդ, միտս է, միշտ ասում էր. «Մարոս շատ կրակոտ աղջիկ է լինելու»,— խոսեց տիկինը,— այժմ կատարվում է նրա խոսքը։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, քույրդ ինչպես է թռչկոտում, այդ լավ բան չէ, լավ բան չէ։
— Երանի թե միշտ այդպես լիներ,— նկատեց Ռուբենը, որ մինչև այդ րոպե լուռ էր,— լավ է կրակոտ լինել, քան թմրած։