Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/381

Այս էջը հաստատված է

— Ես պահանջում եմ, որ դու բացատրություն տաս հենց այս րոպեիս,— շարունակեց Պյոտր Սոլոմոնիչը:

— Ես պահանջներ չեմ կատարում։

Նա առաջ եկավ և սկսեց ինչ-որ բան որոնել յուր տուալետի սեղանի վրա, շարունակելով.

— Պահանջում եմ, կարծես, ես ստրուկ եմ կամ աղախին։ Դուք միայն կարող եք խնդրել, այն էլ խաղաղ կերպով, մարդավարի։ Կպատասխանեմ, ինչու չէ, ես պատասխանելուց չեմ վախենում։

Նա գտավ մի արկղիկ և սկսեց արագ-արագ մատներով խառնել նրա մեջ, միևնույն ժամանակ, շունչը կտրված արտասանելով.

— Ներս է մտնում և գժի պես գոռում, եթե ես մի վախկոտ կնիկ լինեի, պետք է տեղնուտեղը սարսափից մեռնեի։

— Իսկ եթե իմ տեղը մի ուրիշը լիներ, նա, առանց գոռալու, քեզ տեղնուտեղը կսպաներ, որովհետև...

Պյոտր Սոլոմոնիչը մի վայրկյան կանգ առավ։ Տիկինը նրա փոխարեն շարունակեց.

— Որովհետև ես խաբեբա եմ, չէ՞, անամոթ եմ, անպատկառ, այնպես չէ՞։ Դուք ասում եք, թե խոսում են. ի՞նչ են խոսում... Ինձ բամբասում են, այնպես չէ՞, այսինքն,— պարզ խոսիր էլի, ինչո՞ւ ես թաքցնում,— ասում են, որ ես լավ կնիկ չեմ, հավատարիմ չեմ։ Դա ինձ համար նորություն չէ։ Մի՛ զարմանաք, մի՛ վեր թռչեք, հանգիստ նսստեցեք ու լսեցեք։

Եվ տիկինը շարունակեց հանդարտ հոգով, սառն կերպով, տրամաբանորեն «բացատրել»։ Այո՛, մարդկանց բամբասանքը նոր բան չէ նրա համար։ Բայց ի՞նչ է կարծում Պյոտր Սոլոմոնիչը, չպիտի՞ խոսեն, չպիտի՞ բամբասեն։ Ո՛չ, ընդհակառակը, զարմանալի կլիներ, եթե չբամբասեին։ Թող լավ մտածի Պյոտր Սոլոմոնիչը և կտեսնի, որ աշխարհի երեսին ոչ մի կնոջ այնքան լավ չէ սազում զրպարտությունը, որքան նրա կնոջը։ Ուրիշ բանի մասին չէ ասում տիկինը, կարելի է Պյոտր Սոլոմոնիչը շատ խելոք է, շատ կրթված է։ Բայց տարիքը, տեր աստված, տարի՞քը։ Ինչո՞ւ է Պյոտր Սոլոմոնիչը վրդովվում, խոմ նրա ծերությունը թաքցնելու բան