Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/384

Այս էջը հաստատված է

Դռների միջից ներս ցցվեցին երկու գանգրահեր փոքրիկ գլուխներ։ Լիզոչկան և Էլեչկան վախեցած դեմքով նայում էին իրանց բարձրաձայն արտասվող մորը։

Տիկինը արագությամբ աչքերը սրբեց և մոտեցավ նրանց, գոչելով.

«Անբախտ երեխաներ, ի՛նչ կրթություն կարող եք ստանալ այս տանը...»։


V


Ամառը սկսվել էր։ Դիմաքսյանը դպրոցում գործ չուներ։ Տնային պարապմունքը թեև առաջվա պես չէր եռում նրա ձեռքի տակ, բայց այժմ աշխատելու ցանկություն ուներ։ Նրա գլխում հղանում էին նորանոր գաղափարներ, նրա եռանդուն միտքը հանգիստ չուներ։ Դիտելով հասարակական կյանքի բազմատեսակ վատ երևույթները, նա օր օրի վրա համոզված էր, որ բոլոր այդ երևույթների հիմնական պատճառը մի բան է — անհատի բարոյական աշխարհի սղությունը։ Նա ասում էր, թե ոչ մի հասարակություն չէ կարող առաջադիմություն անել, եթե նրա մեջ չկան բարոյապես զորեղ անձինք։

«Բարձրացրեք անհատին, կրկնում էր նա, կբարձրանա և շրջանը։ Ոչ մի բարեփոխություն չէ կարող հիմք գտնել, եթե նա չունե ապահով պատնեշներ։ Այդ պատնեշներն են առանձին անձնավորությունները, զինված մտավոր և բարոյական ուժերով։ Հասարակությունը կարող է մի որևէ վերանորոգության համար պատրաստի հող չունենալ։ Անհատները կարող են այդ վերանորոգությունը իրանց ուսերի վրա պահել, մինչև որ նրանք ամուր պատվանդան կպատրաստեն»։

Նրա խորին համոզմունքով լոկ գիտությունը դեռ բավական չէր՝ մարդկանց հասարակական ուղեցույց ջահեր դարձնելու համար։ Անկեղծ հավատ դեպի քաղաքակիրթ ապագան, խորին հույս որևէ ձեռնարկած գործի հաջողության վրա և անդրդվելի կամք — ահա այն պայմանները, որ նա պահանջում էր ամեն մեկից, որ ձգտում էր ուրիշներին օգտավետ լինել։