Իդեալիստը ստիպեց նրան հետ դառնալ։
— Այս րոպեիս քո մասին էինք խոսում։ Օրիորդին հարկավոր են մի քանի տեղեկություններ, որ քեզանից լավ ոչ ոք չգիտե։ Խոսեցե՛ք։
Նա, բժիշկ Սալամբեկյանի հետ ետ կանգնելով, օրիորդին թողեց առաջ Դիմաքսյանի հետ։ Հայտնվեց, որ Կարինյանը մի մասնավոր վարժուհի է, պատրաստվում է գնալ արտասահման՝ գործնական մանկավարժություն սովորելու, որպեսզի հետո Թիֆլիսում մանկական պարտեզ բաց անի։ Նա միայն կամենում էր իմանալ՝ ո՞ւր ավելի նպատակահարմար է գնալ։
Դիմաքսյանը հաղորդեց օրիորդին անհրաժեշտ տեղեկություններ, յուր կողմից ավելացնելով մի քանի խորհուրդներ։ Օրիորդը լսում էր նրան ուշադիր և մինչև անգամ ակնհայտ ակնածությամբ։
Դա մի գունատ արարած էր, նիհար, սակավ ինչ թուխ դեմքով, խելացի և արտահայտիչ գծերով։ Ընդհանրապես նա ոչ միայն սիրուն չէր, այլ կարող էր տգեղ համարվել, եթե չունենար յուր ձայնի և աչքերի մեջ անչափ եռանդի և տոկունության հետ մի տեսակ հեզ անուշություն։ Նա խոսում էր դրական եղանակով, համոզված մարդու պես, նրա շարժվածները ազատ էին, բայց միևնույն ժամանակ, ամոթխածությամբ լի:
Նա Դիմաքսյանի վրա լավ տպավորություն գործեց։
— Վերջացրի՞ք,— ասաց Մսերյանը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր հեռացնում օրիորդից,— ուրեմն մենք այժմ կարող ենք միասին խոսակցել։
Նա մոտեցավ օրիորդին և սկսեց նրա հետ քայլել, բժշկին թողնելով հետ։ Այս հանգամանքը բավական զարմացրեց Դիմաքսյանին։ Առաջին անգամն էր նա տեսնում Մսերյանին այդքան ուշադիր դեպի մի կին։
Բժիշկ Սալամբեկյանը Դիմաքսյանին հաղորդեց, որ իրան մի նոր պաշտոն են առաջարկում և առաջարկողն է Բարաթյանը։ Քաղաքը նոր հիվանդանոց է բաց անում, հարկավոր է մի բժիշկ դիրեկտոր։ Բարաթյանը խոստանում է