— Սալամբեկյանի մի մեռած ընկերոջ քույրն է։ Հավանեցի՛ր։ Գիտես, որ ես կանանց առհասարակ չեմ սիրում, բայց այս մեկը ինձ դուր է գալիս։ Արի մի օր միասին այցելենք նրան։
Դիմաքսյանը խոսք տվեց և մի շաբաթ անցած գնաց նրա հետ օրիորդի մոտ։
Կարինյանը բնակվում էր գետի ափում գտնվող միհարկանի մի տան մեջ, որ բավական բանաստեղծական դիրք ուներ։ Տան առջև տարածված էր մի ընդարձակ այգի, որ վերջանում էր գետափին։ Բակի վիթխարի ընկուզենիի տակ նստած էր մի զառամյալ պառավ, շրջապատված անթիվ հավերով։ Նա գարիի հատիկները ցրվելով, խոսում էր հավերի հետ, հանդիմանելով նրանց ագահության համար։ Դա Կարինյանի տատն էր։
Օրիորդը հյուրերին ընդունեց քաղաքավարի և պարզ կերպով։ Նրա հորաքույրը տանը չէր, իսկ ինքը, կարի մեքենան առջևը դրած, պատշգամբի վրա յուր համար հագուստ էր կտրում։
Երեք սերունդների ներկայացուցիչները միասին ապրելով, հաճախ հայացքների տարբերությունից իրարու հետ ընդհարումներ էին ունենում։ Այս պատճառով օրիորդի կյանքը մխիթարական չէր այդ շրջանում։ Տատը հաշտվել անգամ չէր ուզում այն մտքի հետ, թե պետք է յուր թոռը, մենակ աղջիկ, ինքնագլուխ գնա ով գիտե ինչ երկրներ։ Նույն մտքի էր և նրա հորաքույրը, որ յուր կողմից ավելի էր գրգռում պառավին օրիորդի դեմ։
Այս բոլորը պատմեց ինքը օրիորդը, անկեղծաբար, առանց յուր դրությունից քաշվելու։
— Բայց ի՞նչ էլ լինի, նրանք արդեն համաձայնվել են իմ գնալուս, թեև ամեն օր տրտնջում են։
Դիմաքսյանին դուր եկավ օրիորդի հաստատակամությունը։ Ահա, վերջապես մի հայ կին, որ ինքնուրույն է և չէ խոնարհվում կամակոր հնության առջև։ Նա գովեց օրիորդի նպատակը։
— Թողեք հներին, աշխատեցեք նորերի համար։ Շատ անգամ մեռնող սերունդը յուր եսին ուզում է զոհել