— Օ հո հո, որդի, մի՚ ասիլ,— գոչեց տիկին Սոփիոն,— աղջիկը պիտի մի քիլ էլ ամաչկոտ լինի։
— Ամաչկոտ,— կրկնեց Ռուբենր զարմացած,— ես կարծում եմ, որ Մարիամի պես ամաչկոտ աղջիկ շատ քիչ կա։
Տիկինը տարակուսաբար գլուխը շարժեց։
— Ես չեմ ասում, թե նա երեսբաց է,— արտասանեց նա խորհրդավոր ձայնով,— բայց է՛լի...
— Ասացեք, տիկին, եթե մի բան գիտեք,— հետաքրքրվեց Ռուբենը,— եթե մի պակասություն ունի Մարիամը, ես նրա եղբայրն եմ, պարտական եմ նրան հաղորղել, որ ուղղի իրան։
— Խոսքս այն երիտասարդի մասին է,— պատասխանեց տիկինը,— այն բժշկի, որին գարնանը մի քանի անգամ մեր տունը բերիք։ Մարիամը գրել էր Նատալիային, որ նա Դիլիջանումն է։ Ի՞նչ էր անում այնտեղ։
— Ոչինչ, եկել էր մի ամիս այնտեղ ապրելու:
— Նա էլ ձեզ հետ Թիֆլի՞ս եկավ:
— Ոչ, բայց շուտով կգա։
— Հը՜մ,— արտասանեց տիկինը, գլուխը երերելով,— նա այստե՞ղ է մնալու։
— Չգիտեմ, առայժմ նա Երևանումն է բժշկություն անում։ Բայց ի՞նչ էիք ուզում ասել Մարիամի մասին, այդ շատ հետաքրքրական է։
Տիկինը մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանեց.
— Այն էի ուզում ասել, որդի, որ լսել եմ, թե Մարիամը... էհ, ինչ թաքցնեմ... սիրում է այդ տղային ու...
— Ու՞...— արտասանեց Ռուբենը, մի անորոշ ցնցումն գործելով։
— Ու խոսք է տվել նրան գնալու։
Ռուբենը մի հոգոց հանեց կրծքից և ժպտաց։ Նա, կարծես, ավելի մի ծանր լուրի էր սպասում։
— Չափահաս աղջկա դրությունը, որդի, շատ դժվար է, — շարունակեց տիկինը գորովագութ մոր եղանակով,— չպետք է նրան մի րոպե աչքից հեռացնել, թե չէ ով գիտե... Ասելս այն է, որդի, եթե այն տղան լավ տղա է, բեր շուտ-շուտ մեր