Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/390

Այս էջը հաստատված է

«ինչպես չէ», «ցը ցը ցը» և այլն հնչյուններով, իսկ ուշը օրիորդի կողմն էր։ Վերջապես, շաղակրատ տիկնոջից ձանձրացած, նա ցտեսություն ասաց և ընկերոջ հետ դուրս եկավ:

— Հը՞մ, հավանո՞ւմ ես,— դարձյալ հարցրեց նա Դիմաքսյանից։

— Որի՞ն։

— Իհարկե, օրիորդին, մյուսը ինչ հորս ցավն է։

— Ի՞նչ ասեմ...

— Եղբայր պատվական, ես հիացած եմ, իսկ և իսկ եռանդուն և տոկուն հայուհու տիպարն է, միայն տաշված, հղկված, հասկանո՞ւմ ես։

— Էլի ոգևորվեցի՞ր։

— Ի՞նչպես չոգևորվեմ, նորոգիչներից է, հասկանո՞ւմ ես...

Այդ օրից հետո Դիմաքսյանը Մսերյանի հետ մի քանի անգամ էլ այցելեց Կարինյանին։ Ժամերով նախ խոսում էր ու վիճում օրիորդի հետ և հաճույք էր զգում, տեսնելով, որ նա հասկանում է իրան, ունե զարգացում և հազիվ է նեղն ընկնում լուրջ խոսակցության ժամանակ։ Նա չէր քաշվում օրիորդի մոտ, չէր կաշկանդվում այնպես, ինչպես Գայանեի առջև։ Նրա մեջ չէր շարժվում օձը, սիրտը հանգիստ էր։ Սակայն ինչ և լիներ, որքան ևս Կարինյանը համակրելի լիներ, երբեք և վայրկյան անգամ չէր մոռացնել տալիս նրան այն մյուսին, որի պատկերը այնքան ամուր և այնքան որոշ դրոշմվել էր նրա սրտի մեջ։ Կանգնած էր գիշեր-ցերեկ այդ պատկերը նրա աչքի առջև, ինչպես նրա անաջող բախտի ուրվականը և մենության մեջ միշտ նրան պատճառում էր այն ծանր թախիծը, որ կարծես, հավիտյան տիրել էր նրա հոգուն...


VI


Հուլիսի վերջին Դիմաքսյանը ուղևորվեց Անդրկովկասի մի մասում ճանապարհորդելու։ Նա կամենում էր մոտիկից ծանոթանալ ժողովրդի բարոյական կացության հետ։ Բայց ժամանակը շատ էլ չէր ներում. մի ամիս մի քանի տեղեր