Սակայն նոր հոգաբարձուները դեռ լուռ էին, չնայելով, որ երկու ամիս էր արդեն հաստատվել էին իրանց պաշտոնում։ Բարաթյանը ուսումնասիրում էր հանգամանքները: Շաբաթը մի կամ երկու անգամ այցելում էր դպրոցը։ Դիմաքսյանը նրան ընդունում էր պաշտոնական ձևով, խոսում «դու»-ով, բայց սառն և առանց ընկերական մտերմության։ Դպրոցի տնտեսականի և վարչականի վերաբերմամբ նոր հոգարարձվին տալիս էր մանրամասն տեղեկություններ, բայց երբ հարց էր լինում ուսումնականի և բարոյականի մասին, խույս էր տալիս պատասխաններից և առհասարակ չէր ուզում խոսքը երկարացնել։ Նա կամենում էր հենց առաջին քայլից նոր հոգաբարձվին զգալ տալ նրա իրավունքների սահմանը: Բարաթյանը, հարկավ, հասկանում էր նրա միտքը։ Նա ոչինչ չէր ասում, բայց մտքում կրկնում էր.
«Եթե դու ուզում ես քեզ ցույց տալ, ես էլ շուտով ինձ ցույց կտամ»։
Մեծ պասի առաջին օրերն էին։ Տրամադրությունը կրոնական էր, դպրոցը — հոգևոր։ Հոգաբարձուներից երկուսը եկեղեցասեր վաճառականներ էին, մեկը եպիսկոպոսի եղբայր, երկուսն էլ երեցփոխներ։ Բարաթյանը մի նիստում թեթև կերպով հարց բարձրացրեց, արդյոք աշակերտների կրոնական կրթության վրա բավարար ուշադրություն դարձնո՞ւմ են դպրոցում։
Նախագահի կարմիր և առույգ դեմքի վրա խաղաց գոհունակության ժպիտը։ Նա յուր երկայն, թիաձև, չալ մորուքր շփելով, հայտնեց, թե այդ հարցով ինքն էլ զբաղված է։ Ավելացրեց, թե խնդիրը վերին աստիճանի կարևոր է, բայց ինքը չէր կամենում նախկին հոգաբարձությանը առաջարկել, սպասում էր նորերի ընտրությանը։ Այժմ նա կարող է խոսել։ Եվ սկսեց խոսել։
— Հրամանոցդ հայտ է, որ մեր դպրոցները գտանին ի ներքո հովանավորության Հայաստանյացս առաքելական եկեղեցվո և նորին վեհափառության տյառն տյառն սրբազնագույն կաթողիկոսին ամենայն հայոց։ Այսպես։ Գերազնիվ պարոնայք, մենք ժամու և ի տարաժամու պարտ ենք երախտապարտ և ջերմեռանդագույն հոգով զգացված լինել առ