Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/402

Այս էջը հաստատված է

ճաշելու,— այնքան վրդովված էր։ Սիրականն այնպես սովորել էր նրա բնավորությանը, որ իսկույն հասկացավ, թե նա վատ է տրամադրված։ Նա հոգում էր Դիմաքսյանի մասին ինչպես սիրող, զգայուն եղբայր։ Նա պատրաստ էր ամեն րոպե մահու և կյանքի կռվի մեջ մտնել նրա համար, եթե միայն այդ հարկավոր լիներ։ Եվ Դիմաքսյանը լիովին հավատում էր նրա անկեղծ հավատարմությանը։ Ուրախալի էր նրա համար անկիրթ ժողովրդի այդ հարազատ զավակի մեջ տեսնել այդքան սեր։

Իրիկնադեմին նա գնաց Մսերյանի մոտ, ուր միշտ գնում էր, երբ հուզված էր լինում։

Իդեալիստը այս անգամ՝ անսովոր աշխույժ ստացած՝ անցուդարձ էր անում սենյակում, ինքն յուր հետ ձեռներով խոսելով։ Բանն այն է, որ նա այդ օրը պաշտոն է ստացել մի արքունական հիմնարկության մեջ և վաղվանից պետք է սկսեր ծառայել։ Նույն րոպեին նա մտքում հաշվում էր — արդյոք պաշտոնը նրա ամբո՞ղջ ժամանակը պետք է խլե, թե՞ կարդալու համար ազատ ժամեր կթողնի։

Դիմաքսյանը շնորհավորեց նրան։

— Բայց դու ինչո՞ւ տխուր ես, — գոչեց Մսերյանը, էլի ո՞վ է էշիդ կաղ ասել։

Դիմաքսյանը պատմեց օրվա եղելությունը։ Մսերյանը, ինչ ասել կուզե, վրդովվեց։ Ի՞նչպես, Բարաթյանը կրոնի և եկեղեցու պաշտպան է դարձել։ Ուրեմն նա ուզում է ծախել այն, ինչ որ չունե։— Դա բարոյական գողություն է։

— Եվ նա խոսում էր համոզվա՞ծ, ինչպես ճշմարիտ քրիստոնյա՞։

Դիմաքսյանը հեգնաբար ժպտաց։ Մի՞թե կարող է համոզմունք լինել մի բան, որ մարդու հոգուց չի բխում: Դա մի վտանգավոր զենք է նրա դեմ, ուրիշ ոչինչ: Օ՜օ, Բարաթյանը խելոք է, շատ լավ է ճանաչում հասարակության թույլ երակը: Նա ուզում է Դիմաքսյանի վարկը կոտրել, նրա հեղինակությունը ոտնատակ անել, ահա նրա նպատակը:

— Ներողությո՜ւն, — ընդհատեց Մսերյանը ընկերոջ