Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/41

Այս էջը հաստատված է

էր Ռուբենը, մյուս կողմում Մարիամը և Նիկողայոսը։ Մի քանի անգամ մեռնողը այն օրվա ընթացքում, զգալով մահվան մերձավորությունը, կրտսեր եղբոր ներկայությամբ կրկնեց, թե յուր զավակների նյութական դրությանը համարյա միանգամայն ապահով է թողնում։

— Դու միամիտ կաց, որդի, հորեղբայրդ կկարգադրի ձեր գործերը.— ասաց նա Ռուբենին։

«Նիկողայոս, քեզ եմ հանձնում իմ զավակներին։ Սիրի՛ր և պահպանիր։»

Նիկողայոսը գլուխը կրծքին թեքեց և արտասուքը հազիվ զսպելով, պատասխանեց.

— «Ես նրանց չեմ բաժանիլ իմ ընտանիքից, կպահպանեմ մինչև իմ վերջին օրը»:

Այս էին այն խոսքերը, որ Ռուբենի ներկայությամբ, փոխանակեցին երկու եղբայրները։ Այն ժամանակ Ռուբենը չգիտեր այդ անորոշ խոսքերի բուն իմաստը, րոպեի դառն վիշտը պատանու ուշը ու միտքը մթնացրել էր։ Նա ողբում էր յուր ծնողին։ Հիշում է նա այժմ ևս, որ ձմեռն էր, որ դրսում չոր քամի էր փչում, երկիրը ծածկվել էր սառնամանիքով։ Գավթի տերևաթափ ակացիան յուր սառած ճյուղերը զարկում էր փակ լուսամուտի փեղկերին։ Ռուբենը ձեռները կրծքին ծալած, կանգնած էր սենյակի այն կիսախավար անկյունում, ուսկից լսվում էր մեռնողի ծանր հառաչանքը։ Սենյակ մտնում ու դուրս էին գալիս, անլուր ստվերների պես, ինչ-որ մարդիկ։ Չէ հիշում նրանց դեմքերը Ռուբենը։ Մտաբերում է այն, որ մեկը բռնած նրա թևից, աշխատում էր հեռացնել մահճակալից, շշնջալով.

«Թող խեղճ մարդը հանգստանաս»։

Այդ մեկը տիկին Սոփիոն էր։ Բայց Ռուբենը մի քայլ անգամ չհեռացավ։ Նրա աչքերը հառած էին այն հողագույն դեմքի վրա, ուր մահը ծավալել էր յուր խավար ստվերը։ Մերթ բացվում էին, մերթ փակվում այդ խոշորացած աչքերը, որոնց պաղած շրջանակները ճենապակիի գույն էին ստացել։

Հանկարծ մեռնողը հետ ձգեց վերմակի ծայրը, բարձրացրեց յուր թույլ ձեռը, որքան կարող էր։ Ռուբենը և Մարիամը