նիհիլիստների ժողովարանի, — կրկնում էր Վեքիլյանը, ձեռները հաճույքով շփելով միմյանց։
— Այո՛, իհարկե,— պատասխանում էր Բարաթյանը,— եթե ոչ, առաջ ամեն մի գլուխ առանձին գաղափար ուներ: Ամեն մի աշակերտ արդեն խոսքը այսպես էր սկսում. «իմ կարծիքովս»... Աշակերտ և կարծի՞ք...
Հոգաբարձության ծայրահեղ կամայականության դեմ Դիմաքսյանը գրավոր բողոք ուղարկեց Սինոդին։ Բայց անցել էր հինգ շաբաթ և դեռ պատասխան չէր ստանում։
— Եվ երբեք չես ստանա, — ասաց մի օր բժիշկ Սալամբեկյանը։
Բժիշկը ասաց, թե բողոքը այժմ առաջնորդի գրասեղանի մեջ է։ Դիմաքսյանը սխալվել էր, անմիջապես դիմելով Սինոդին, նա պետք է առաջնորդի միջոցով բողոքեր։ Այժմ թող նա սպասի սրբազանի «վերաքննության»։
— Քեզ ո՞վ ասաց այդ, — հարցրեց Դիմաքսյանը։
— Վեքիլյանը։
Բժիշկը պատմեց, թե նախընթաց օրը սաստիկ ընդհարում է ունեցել իրավաբանի հետ Դիմաքսյանի պատճառով: Վեքիլյանը աշխատելիս է եղել ապացուցել, որ տեսուչը յուր գաղափարներով դպրոցը տակնուվրա է արել։ Սալամբեկյանը հաստատել է, թե Վեքիլյանը և Բարաթյանը իրանց գաղափարներով դպրոցը ուզում են բարոյական անկելանոց դարձնել։ Վեճը հասել է ծայրահեղության, երկու ընկերներ միմյանց վիրավորական խոսքեր են ասել։
— Ես սառնարյուն մարդ եմ, բայց այդ անխիղճը մի այնպիսի սատանայական ակնարկություն արեց, մի այնպիսի ածական տվեց քեզ, որ արյունս գլխիս խփեց, ես ուզում էի մինչև անգամ ապտակել նրան։
Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի սենյակում։ Իդեալիստը վրդովված ականջ էր դնում, սակայն խոսակցությանը չէր մասնակցում։
— Այժմ ի՞նչ կհրամայես անել, — դարձավ Դիմաքսյանը նրան։
— Կհրամայեմ, որ մրցումդ շարունակես։
— Առանց զենքի՞, միայնա՞կ։