Ինչ որ խոսում ենք՝ ասում են Ինյաթյանին, նա էլ հայտնում է հոգաբարձուներին։ Մենք ի՞նչ ենք անում, մենք ոչինչ չենք անում։
Հետո աշակերտները միմյանց հետևից պատմեցին մի քանի վրդովեցուցիչ դեպքեր։ Անցյալ օրը Սարաֆյանը գիշերօթիկների համար թութ էր գնել յուր փողով։ Վերակացու Դիլբիլյանը տեսել էր թե չէ, առել էր թութը նրա ձեռից և ամանով թափել Սարաֆյանի գլխին։ Այսօր էլ Ինյաթյանը աշակերտներին ասել է. «Լսել եմ, խոսք եք կապել վերակացուներին ծեծելու, խառնակիչների ազգանունները ծոցատետրումս նշանակել եմ, պետք է հոգաբարձությանը հայտնեմ, որ բոլորին վռնդի դպրոցից»։
— Բայց ճշմարի՞տ է, կամեցե՞լ եք ծեծել:
— Մտքներովս էլ չի անցել, — պատասխանեց Մարաքյանը։
— Այո՛, մտքներովս էլ չի անցել, — կրկնեցին մյուսները։
— Մենք միայն Ջալբամյանի մասին ենք խոսել մեր մեջ։ Պարոն տեսուչ, նա մաքուր մարդ չէ, անպիտան մարդ է, բայց ծեծելու մասին խոսք չի եղել։
— Այո՛, Ջալբամյանը անպիտան մարդ է։
— Կեղտոտ է։
— Անբարոյական է։
— Լավ, բավական է,— ընդհատեց Դիմաքսյանը մեղմ ձայնով,— շատ ուրախ եմ, որ ծեծելու մասին չեք մտածել: Դա վայրենություն կլիներ, այդ տեսակ բաներ երբեք չանեք։
Բայց պատգամավորները գրգռված էին։ Նրանք միաբերան պահանջեցին, որ Ջալբամյանը հեռացվի դպրոցից. հակառակ դեպքում, ասացին, թե ստիպված կլինեն դիմել այդ վայրենի միջոցին։
— Այո, կծեծենք նրան։
— Անպատճառ կծեծենք։
— Կջարդենք։
— Եթե դուք թույլ կտաք։ Այո՛, եթե դուք թույլ կտաք, պարո՛ն տեսուչ։
— Մենք ձեզանից ենք միայն վախենում։