Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/42

Այս էջը հաստատված է

միաժամանակ բռնեցին այդ պաղ ձեռը, մեռնողի քարացած շրթունքի վրա սառավ վերջին խոսքը.

«Սիրեցե՛ք միմյանց»։

Անջնջելի կերպով այդ պատավերը դրոշմվեց որդու սրտում։ Այնուհետև ամեն ինչ խավարեց Ռուբենի աչքում, երբ տեսավ, թե ինչպես երկու անծանոթ կանայք, գրկելով, դուրս բերեցին սենյակից ուշաթափ Մարիամին։

Եվ ահա ութ տարի է անցել այդ սգալի գիշերից։ Այն ժամանակից շատ բան է փոխվել։ Մարիամը, աճելով օրըստօրե, այժմ չափահաս օրիորդ է դառել։ Հոր հիշատակը նրան պատճառում է մի թախիծ, մորը նա հիշում է շատ մութն կերպով։ Նրա առողջ բնավորությունը հաղթող հանդիսացավ որդիական վշտին, ժամանակը ամոքեց օրիորդի սրտի վերքը։ Իսկ Ռուբենը, անձնատուր լինելով ուսմանը, ավելի շուտ մխիթարություն գտավ այնտեղ։ Սակայն նա չմոռացավ յուր ծնողների հիշատակը և հոր վերջին պատգամը։ Նա սիրում էր քրոջը։ Սիրում էր, որպես փափկասիրտ եղբայր, որպես մեծ և հովանավորող։ Սրտաշարժ էր այն տեսարանը, երբ նա առաջին անգամ բաժանվեց Մարիամից Ռուսաստան գնալու համար։ Ավելի սրտաշարժ էր նրանց վերջին հանդիպումը, երբ Ռուբենը արդեն ուսումն ավարտած վերադարձավ հայրենիք չորս ամիս առաջ։

— Ռուրե՛ն, Ռուբե՛ն,— գոչեց Մարիամը, փաթաթվելով եղբոր պարանոցին վերջինի առանձնասենյակում,— սիրո՞ւմ ես ինձ։

Ռուբենը սիրով և անձնվիրությամբ համակված յուր դեմքը հետ դարձրեց։ Նա թաքցրեց յուր զգացումների արտաքին նշանները, որոնց դեմ էր միշտ։

— Գիտեմ, որ սիրում ես,— շտապեց ավելացնել Մարիամր հուզված,— ուրեմն մի անգամ էլ ցույց տուր սերդ, ինձ մի' թողնի միայնակ։ Առանց քեզ իմ կյանքը տխուր է անցնում։

Ռուբենը դեռ Ռուսաստանում վճռել էր երկու տարով արտասահման գնալ, այնտեղ յուր մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով։ Նա լրացրած չէր համարում յուր ուսման պաշարը գեթ այնչափ, որչափ հարկավոր էր յուր