Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/431

Այս էջը հաստատված է

մյուսների կառավարությունը հանձնեց Հաբիգյան ազգանունով մի երիտասարդի։ Դա նրա նախկին ընկերներից մեկն էր, որ մասնագիտաբար ուսումնասիրել էր գյուղատնտեսությունը։ Նա լիազոր իրավունք տվեց Հաբիգյանին կառավարել յուր կալվածներն ինչպես կամենում է, եկամտից մի որոշ տոկոսիք հատկացնելով նրան։

Նա վերադարձավ Թիֆլիս։ Այստեղ նրա բացակայության ժամանակ կողմնակիցները շարունակել էին ընդդիմադրել հակառակորդներին կյանքի զանազան խնդիրներում։ Բայց կռիվն առաջվա եռանդով չէր կատարվել։

Մսերյանը բարկացած պատմեց, թե երևան են եկել անկոչ պաշտպաններ, որոնք իրանց տգիտության շնորհիվ գործին ավելի վնասում են, քան օգնում։

— Ոչինչ,— ասում էր նա,— ինձ համար այնքան ատելի և ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան տխմարությունն իմաստունի դիմակով։ Ամենաբարձր գաղափարը տգետի շրթունքներից կարող է ծաղրելի հնչել։ Զորեղ գործի համար զորավոր զենք է հարկավոր։ Զգուշացիր անմիտներից, մի՛ հավատալ անկիրթների խելքին և ոչ էլ անկեղծությանը։ Բարոյական անխախտ սկզբունքները ձեռք են բերվում միայն մտքի հարատև գործունեությամբ։ Տգետի օրենքը նախապաշարմունքներն են և արտաքին ուժը։ Լուսամիտ մարդու դեկավարը միմիայն յուր խելքն է և սիրտը։ Մի հաստատամիտ, կրթված, զարգացած, մտածող բարեկամիդ գերադասիր հարյուրավոր թերհաս անկիրթ պաշտպաններից։

Այդ կարճ միջոցում իդեալիստը բավական ծերացել էր։ Նրա մազերը ավելի ճերմակել էին, երեսի խորշերը շատացել։ Նա հաղորդեց, թե առաջիկա քաղաքային ընտրություններին կողմնակիցները մտադիր են Դիմաքսյանին առաջարկել, որ յուր քվետուփը գնի։ Ցուցակ է կազմված և նրա անունն էլ մտցրած է ընտրելի իրավասուների շարքը։ Դիմաքսյանը պատասխանեց, թե ցանկություն չունե քաղաքային գործերի մեջ խառնվել, թեև առաջ ձգտում էր։

— Ես էլ խորհուրդ չէի տալ,— ասաց Մսերյանը,— լավ է մի գործի ծառայել, և լավ ծառայել, քան թե ուժերը ցրել մի խառնիճաղանջ հասարակության մեջ։