Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/432

Այս էջը հաստատված է

Իդեալիստը, ի միջի այլոց, հայտնեց, թե օրիորդ Կարինյանը արտասահմանից վերադարձել է։

— Այո՞։ Ինչպե՞ս է, փոխվե՞լ է,— հարցրեց Դիմաքսյանը։

— Շա՛տ։

— Մի՞թե:

— Ուզում եմ ասել ավելի լավացել է, թե՛ արտաքուստ և թե՛ հոգով ու սրտով։ Այո՛, նա այժմ ինձ ավելի է դուր գալիս։

Վերջին դարձվածը Մսերյանը արտասանեց ձայնը ցածրացնելով, կարծես, ինքն յուր համար։ Հանկարծ նա ընդհատեց խոսքը օրիորդի մասին և դարձավ ուրիշ բաների։

Դիմաքսյանը նայեց նրա երեսին և նրա աչքերի մեջ նկատեց մի անսովոր բան...



XIII


Մի անգամ Մսերյանը Դիմաքսյանին խնդրեց միասին այցելել Կարինյանին։

Օրիորդը բնակվում էր նույն տանը և նույն պառավ տատի և այրի հորաքրոջ հետ։

— Աա՛,— շատ ուրախ եմ, — գոչեց նա, դուրս գալով պատշգամբ հյուրերին դիմավորելու։ Արդարև, նա փոխվել էր արտաքուստ։ Նրա առաջվա նիհար այտերը լցվել էին, դեմքի գույնը ավելի պարզվել էր։ Սովորական մռայլությունը տեղի էր տվել աշխուժության և կենդանության։ Նա դարձել էր ավելի արագաշարժ, ավելի համարձակ, միևնույն ժամանակ, նրա ձևերն ավելի տաշվել և կրթվել էին։ Այս փոփոխությունը Դիմաքսյանը վերագրեց եվրոպական ազատ կյանքի ազդեցությանը։ Հիշեց, թե ինչպես ինքն էլ աշխույժ և կենդանի էր այնտեղից վերադառնալիս և որքան այժմ ասիական կյանքի ճնշող պայմաններն ազդել են յուր վրա։

Պառավը մյուս սենյակում հիվանդ պառկած տնքտնքում էր։ Այրի Բոլումբաշյանը դարձյալ տանը չէր։ Բայց օրիորդը մենակ չէր։ Նրա մոտ հյուր կար, և այդ հյուրն էր տիկին