Բախտամյանը, որ և շատ զարմացրեց Դիմաքսյանին։ Նրանց բարևեցին ինչպես հին ծանոթներ։ Հետո տիկինը, թույլ տալով, որ օրիորդը վերջացնի յուր հյուրերի հետ սովորական հարցուփորձը, դարձավ Դիմաքսյանին.
— Ես եկել եմ Աշխենին մի առաջարկություն անելու, հույս ունեմ, պարոններ, դուք էլ ինձ կօգնեք։
Այստեղ Դիմաքսյանն առաջին անգամ իմացավ, որ Կարինյանը տիկին Բախտամյանի մորաքրոջ աղջիկն է: Կարմրախայտ այտերին լուրջ արտահայտություն տալով, տիկինն ասաց, թե կանանց ընկերությունն ուզում է աղքատ աղջկանց համար ուսումնարան բաց անել։ Եկել է օրիորդին առաջարկելու, որ նա հանձն առնի տեսչուհու պաշտոնը։ Բայց օրիորդը մերժում է։
— Յուր քրոջ խոսքը չի հարգում, ձեր խոսքն անպատճառ կհարգի, օգնեցեք ինձ, պարոն Դիմաքսյան։ Բայց ես շատ նեղացած եմ ձեզ վրա։ Առաջինը, ինչո՞ւ մեր տունը չեք գալիս, երկրորդ, ինչո՞ւ մեր ընկերությունը չեք պաշտպանում մի քանի անկիրթ գրչակների դեմ։ Ախ, ի՞նչ գռեհիկ են այդ լրագիր մրոտողներն, օգնելու փոխարեն մեզ ծաղրում են ու հալածում։ Ի՜նչ լավ կլիներ, պարոն Դիմաքսյան, եթե մի փոքր տրորեիք այդ մարդկանց քիթը: Խեղճ կանայք, խեղճ կանայք, այսպես է ձեր բախտը... Օ՜օ, եթե իմանաք ի՛նչքան ենք չարչարվում։ Հիմա էլ ուսումնարանի հոգսը գցեցին ինձ վրա։ Աշխեն, հոգիս, ե՛կ հանձն առ, աստված սիրես։ Պարոն Դիմաքսյան, խոսեցեք, համոզեցեք...
Վնրջապես, նա մի քանի վայրկյան կանգ առավ։ Այն ժամանակ օրիորդը բացատրեց, թե ինչու հանձն չէ առնում տեսչուհու պաշտոնը։ Միթե չգիտե՞ն, թե ինչ նպատակով է նա գնացել արտասահման։ Այժմ հասել է այդ նպատակն իրագործելու ժամանակը, և նա պետք է թողնի՞ յուր վաղուց երևակայած և փայփայած գործը։ Բացի դրանից, նա ուզում է բոլորովին անկախ գործել, ինքն յուր պարապմունքի համար պատասխանատու լինել խղճի և հասարակության առջև։
Դիմաքսյանը հավանեց օրիորդի վերջին պատճառաբանությունը։ Ինչպես ամեն բանում, այստեղ էլ նրան գրավեց անհատի ազատ գործունեության սկզբունքը։ Նա դարձավ