— Ընկերության կառավարչուհիները կաշխատեն իմ գործին վնասել։
— Իսկ մենք կպաշտպանենք ձեր գեղեցիկ գործը,— ասաց Մսերյանը, որ ինքն էլ չգիտեր, թե ինչպես պետք է պաշտպանի։ Նրա համար այժմ Կարինյանը մի անգնահատելի գյուտ էր հայ կանանց շրջանում։ Նա հիացած էր օրիորդի եռանդով և այն ոգևորությամբ, որ նա աշխատում էր իրագործել յուր փայփայած ձեռնարկությունը։
Նրա միտքը մանկական պարտեզի վիճակով զբաղված էր ոչ պակաս, քան օրիորդինը։ Սրտի հաճույքով նա երևակայում էր Կարինյանին շրջապատված հարյուրավոր փոքրիկ էակներով, որոնց մատաղ հոգու մեջ պետք է ցաներ կրթության առաջին սերմերը։ Որքա՛ն ազնիվ և նախանձելի էր այդ գործը նրա աչքում և ինչքան նա կցանկանար մի որևէ փոքրիկ դեր կատարել այդտեղ։ Նա կկատարի նույնիսկ հասարակ վերակացվի պաշտոն, եթե միայն օրիորդը թույլ կտա:
Արդեն Նարինյանը թույլտվություն ստացել էր պարտեզը բանալու։ Սակայն սկզբնական ծախքերի համար փող էր հարկավոր, և նա չուներ։ Նա վճռել էր յուր հայրական տան առջև գտնվող այգին գրավ դնել, բայց այդ բավական չէր. նա մասնավոր պարտքեր ուներ։ Այս պատճառով օրիորդը հուսահատության մեջ էր։ Դիմաքսյանը պատրաստ Էր անմիջապես առաջարկել յուր օգնությունը, բայց չէր վստահանում։ Մի գուցե դիպչեր նրա ինքնասիրությանը։
Մի անգամ նա յուր ցանկությունը հայտնեց Մսերյանին և խորհուրդ հարցրեց, արդյոք ինչ կերպ օրիորդին օգնի, որ վիրավորական չլինի։
— Ես շատ համակրում եմ նրա ձեռնարկությանը և շատ կցավեի, եթե միայն փողի պակասության պատճառով նա գլուխ չգար։
Խե՛ղճ իդեալիստ։ Նույն րոպեին նա զգաց փողի քաղցրությունը և ուժը այնպես, որ երբեք չէր զգացել։ Ինչո՞ւ նրա գրպանը լիքը չէ, որ նա ինքը յուր կողմից օգնե օրիորդին։ Առաջին անգամ նա յուր սրտում զգաց նախանձ դեպի Դիմաքսյանի հարստությունը։ Նա մինչև անգամ վրդովվեց։