քաղաքային լուրերից։ Այժմ նա նախ և առաջ ուշադրություն էր դարձնում չորրորդ երեսի վրա, ուր պատմում էին զանազան տարօրինակ դեպքեր, խորհրդավոր եղելություններ, ռոմանտիկական ինտրիգներ, գաղտնի սպանություններ և այլն, և այլն։
Երեկոները, հակառակ նախկին սովորության, նա կլուբ չէր գնում և ոչ էլ դուրս էր գալիս փողոց մշտական զբոսանքը կատարելու։ Մի քանի անգամ կինը փորձեց իմանալ, արդյոք ինչո՞ւ նա հասարակությունից երես է դարձրել։ Բայց ծերունին այնպես կատաղեց, այնպիսի վայրենի գոռոցներ արձակեց, որ ապշած տիկինը պապանձվեց։
Առհասարակ տարօրինակ բաներ էր անում այդ մարդը։ Դիցուք նստած է յուր սենյակում մենակ, մտածում է կամ ինչ-որ հաշիվներ անում։ Հանկարծ նրա ականջին մի ձայն է հասնում, նա արագությամբ վեր է թռչում և անցնում մյուս սենյակ, ուր գտնվում են նրա կինը, զավակները և Օվսաննան։
— Այստեղ ո՞վ էր խոսում։
— Մենք։
— Ուրիշ մարդ չկա՞ր։
— Ուրիշ ոչ ոք չկար։
— Ես կարծեցի հյուր եկավ։
Եվ ծերունին շփոթված, ծանր քայլերով անցնում էր դարձյալ յուր սենյակը։ Մի անգամ դարձավ կնոջը։
— Աննա, Օվսաննան այժմ մեծացել է, չէ՞:
— Առաջիկա հունիսին տասնութ տարին կլրանա։
— Ուսումն էլ կվերջացնի, չէ՞։
— Իհարկե։
— ԷԷ, չե՞ս մտածում նրա մասին։
— Ի՞նչ պետք է մտածել։
— Մարդու տալու համար։
— Նա ինքն յուր համար մարդ կգտնի։
— Հաա՞, ինքը։
— Այո, ի՛նչ կա, ինչո՞ւ ես այդպես զարմացած մտիկ անում աչքերիս։