էր և մի տեսակ զվարթություն։ Կարծես, կյանքը նրա համար ավելի հրապուրիչ էր դարձել։
Ժողովների ժամանակ Մսերյանը դիտում էր բժշկին, մանավանդ այն րոպեներին, երբ սա Կարինյանի հետ էր խոսում։ Այդ միջոցին իդեալիստը նկատում էր, որ բժիշկը ավելի զվարթանում է և ավելի աշխույժ ստանում։ Եվ նա զգում էր մի ակամա նախանձ։ Թախիծը սրտում նա հետևում էր օրիորդի յուրաքանչյուր քայլին, աշխատում էր գտնել հարմար ժամանակ նրա հետ առանձին խոսակցելու։ Բայց երբ հարմար ժամանակը գալիս էր, նա շփոթվում էր, հուզվում և չէր կարողանում ինչի մասին խոսել և ինչպես սկսել։
Ամբողջ կյանքի ընթացքում նա այդ տեսակ շփոթություն առաջին անգամն էր զգում, և երեսունութ տարեկան տղամարդը այս դեպքում նմանվում էր մի անփորձ պատանու։
Բայց ի՛նչքան ձանձրացնում էր Մսերյանին այրի Բոլումբաշյանը։ Այդ հասակավոր կինը երիտասարդների շրջանում իրան պահում էր ավելի քան երիտասարդ։ Նա, կարծես, երդվել էր ամուրի Մսերյանին հալածել մինչև վերջին շունչ, այնքան, մինչև որ գուցե նա հաղթվի։
Ամառվա սկզբին ընկերական շրջանը ցրվեց: Ամենքը գնացին այս ու այն կողմը։ Օրիորդ Կարինյանը հրավիրվեց ամառանոց յուր մի ազգական ընտանիքի հետ ամառը անցկացնելու։
Դիմաքսյանի ջղերը բոլորովին հոգնել էին, նա զգում էր հանգստանալու կարիք։ Նա վշտացած էր մի անհաջողությամբ։ Նա ավարտել էր յուր գրվածքը «Անհատի և հասարակության մասին», բայց մի անհաղթելի խոչընդոտի պատճառով ստիպված էր նրան լույս չընծայել:
Նա առաջարկեց Մսերյանին միասին գնալ մի տեղ օդափոխության։ Եվ նրանք ուղևորվեցին այն ամառանոցը, ուր հրավիրված էր Կարինյանը։
Այդտեղ էր նաև Գայանեն յուր զավակների հետ։
Երկու ընկերները վարձեցին մի հյուրանոցում երկու սենյակ, վճռելով մնալ մի ամբողջ ամիս, որից հետո Դիմաքսյանը մտադիր էր գնալ յուր ծննդավայրը։ Ամեն օր նրանք առավոտյան դուրս էին գալիս լեռնային մաքուր օդ